Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Բաքվից և Երևանից վերահաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի շուրջ պայմանավորվածությանը, ասվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում:
«Զրույցի ընթացքում կողմերը հաստատել են հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության գորտում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել երեք նախարարների մասնակցությամբ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում», - ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում:
Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:
Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունն այսօր տարածած հաղորդագրությամբ պնդում է, որ Ադրբեջանը շարունակել է մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում, հարվածներ է հասցրել Սյունիքի մարզի բնակավայրերին: «Ադրբեջանական բանակի սադրիչ գործողություններն ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր հայտարարել է, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, ինչը Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը հերթական կեղծիք է որակել։