Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ են իրականացվել, և դրանց տրվել է պատասխան, ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հրադադարից հետո, ինչպես արտգործնախարարների հայտարարության մեջ նշված էր հստակ, Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերն օգտագործվում են պրովոկացիաներ անելու նպատակով: Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու դա թույլ է տրվելու միայն, ինչպես հայտարարությունում նշված է, Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայության պարագայում», - ասաց Հարությունյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նաև ներկայացրեց, որ Սյունիքի մարզում ևս որևէ մարտական գործողություն չկա:
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ երեկվանից մինչև այսօր կեսօրին հակառակորդը ունեցել է մոտ 200 զոհ, կորցրել է 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և այլ միջոցներ:
Պաշտոնական Բաքուն մահացած զինծառայողների անուններ կամ թիվ չի հրապարակում՝ պատճառաբանությամբ, թե դա այս պահին «ռազմական գաղտնիք է»։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: