Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն:
«Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով», - ասված է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանի հաղորդագրությունում:
«Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում», - հայտարարում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Հիշեցնենք, այսօր հայկական կողմը հաղորդեց նախքան հրադադարը Հադրութի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի մասին: Ժամեր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Հադրութում իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ:
Ղարաբաղյան հակամարտության գոտում 13 օր շարունակվող պատերազմական գործողություններում հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հրավերով և արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: