Բայդենը կոչ է արել ԱՄՆ-ին ուժեղացնել ԼՂ խնդրին խաղաղ լուծում գտնելու դիվանագիտական ջանքերը

Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն, արխիվ

ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Ջո Բայդենը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այն հրապարակվել է "BIDEN HARRIS" քարոզարշավի պաշոնական կայքէջում։

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ և կոչ եմ անում շտապ լիցքաթափել, վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի, որ հրադադարի գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ տեղակայվեն, և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկորեն զենք տրամադրելը երկու կողմերին, միաժամանակ վերանայելով մեր անվտանգության աջակցության ծրագրերը՝ համոզվելու համար, որ ռազմական կարողությունները չեն վերափոխվում հարձակողական միջոցների համար», - ասված է հայտարարությունում:

Բայդենը պնդում է, որ «Թրամփի վարչակազմը նաև պետք է ուժեղացնի իր դիվանագիտական ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ, խաղաղ լուծում գտնելու, և աջակցի վստահության կառուցման միջոցներ ստեղծելուն»։

«Ռազմական գործողությունների բռնկումը Լեռնային Ղարաբաղում վտանգ է ստեղծում ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության վերաճելու համար, այդ իսկ պատճառով տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան այս հակամարտությունից, իսկ Մինսկի խմբի միջնորդները անհապաղ պետք է ձգտեն թուլացնել լարվածությունը և վերադառնալ բանակցություններին», - ասված է Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածուի հայտարարությունում, որը հրապարակվել է մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնությունը:

Ավելի ուշ Ջո Բայդենը թվիթերյան գրառմամբ հստակեցրել է իր կոչը՝ ասելով, թե Թրամփը պետք է պահանջի Թուրքիայից հեռու մնալ հակամարտությունից:

Վաշինգտոնում լույս տեսնող The Hill ազդեցիկ պարբերականը գրում է՝ Բայդենի այս հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է դեմոկրատ թեկնածուն նախագահ դառնալու դեպքում առճակատվել Թուրքիայի հետ այս հարցում։