Անհրաժեշտ է ամրագրել կրակի դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին, հայտարարում է Մնացականյանը

Առաջին խնդիրը այս ճգնաժամն ավարտին հասցնելն է, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մանրամասներ ներկայացնելով Մոսկվայում կայացած բանակցությունների մասին:

«Չափազանց բարդ էին բանակցությունները և տևել են մոտավորապես 10 ժամ, նույնիսկ 12: Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ է լինելու իրականացնել որոշ գործողություններ, որպեսզի հիմնարար բնույթի հարցեր լուծել: Մյուս կարևորագույն խնդիրը, որը բխում է մեր համաձայնությունից, ամրագրելն է կրակի դադարը, ամրագրելն է մեխանիզմները, որոնք ապահովում են կրակի դադարը, ամրապնդում են բացառումը վերսկսման այս գործողությունների», - ներկայացրել է Հայաստանի արտգործնախարարը:

Մնացականյանը նշել է, որ այստեղ Ռուսաստանը և Մինսկի խմբի համանախագահ երկրները ունեն կարևորագույն գործառույթ իրականացնելու: Անդրադառնալով համաձայնեցված տեքստին, ԱԳ նախարարն ասել է. «Դրանք քայլեր են, որոնք ենթադրում են իրավիճակի կայունացում, տարածաշրջանում կայության վերականգնում, Արցախում մեր հայրենակիցների անվտանգության համակարգի վերականգնում և ամրապնդում և խաղաղ գործընթացի շարունակություն, որը եղել է մեզ համար առաջնային նպատակ»:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է՝ կարևորագույն խնդիրն այն էր, որ կարողանան հասնել այնպիսի իրավիճակի, որպեսզի «կարողանանք վերջ դնել այս ագրեսիային». «Ագրեսիան այս պարագայում առանձնահատուկ էր, որովհետև Ադրբեջանի գործողությունները համալրված էին բավական բաց և ուժգին աջակցությամբ Թուրքիայի, նաև միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ: Փաստորեն, մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ, բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում՝ նման ուժերի ներգրավմամբ»:

Արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է բավական փրում, և անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման:

«Ե՛վ տարածաշրջանի, և՛ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի համար սա դարձել էր բավական լուրջ մարտահրավեր և որևէ առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ դնելու, վերջնակետ դնելու այս իրավիճակին, իհարկե, անհնար կլիներ: Այն, ինչ բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար, և որևէ այլ ուժ՝ մասնավորապես Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարում չի կարող ունենալ»,- նշել է Մնացականյանը:

Հիշեցնենք՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև ավելի քան տասը ժամ տևած բանակցություններից հետո կողմերը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Ղարաբաղում և դադարեցնել տասներեք օր շարունակված պատերազմը, որն ամենաարյունալին ու լայնատարածն էր 1994-ի հրադադարից ի վեր: