Գյումրիի փողոցներում մարդկանց զրույցի հիմնական թեման Ղարաբաղում արդեն 13-րդ օրը շարունակավող պատերազմն է. մինչ ռազմական գործողությունները դեռ ընթանում են, դիվանագետներն էլ բանակցում են հումանիտար հրադադարի շուրջ, քաղաքի տարբեր հատվածներում մարդիկ շարունակում են առաջնագծի համար օգնություն հավաքագրել։
Ցանկությունն էլ մեկն է՝ խաղաղության հաստատումը. - «Խաղաղությունը պիտի հաստատվի մեր հաղթանակից հետո, պարտադիր է»:
«Ամեն ինչն էլ վերջ ու սկիզբ ունի, ուղղակի մեր երեխեքն են մեղք, ժողովուրդն է մեղք, իրենցն էլ», - ասում է գյումրեցիներից մեկը:
Տարածաշրջանում պիտի վերջնական խաղաղություն հաստատվի, ընդգծեց «Ազատության» զրուցակիցներից մեկը. - «Մենք պիտի հաղթենք այնպես, որ խաղաղ լինի, ու էլ երբեք ոչ մեկը ոտնձգություն չկարողանա անել: Դա միանշանակ է, ինձ թվում է` բոլորս դա գիտենք, ու ամբողջ ազգով հավատում ենք` մենք դա կանենք: Մենք ենք անողը, մերն է թշնամին, ու մենք կանենք, մենք այդ ուժն ունենք, մենք այդ կամքն ունենք, մենք այդ հերոսներն ունենք»:
Տիկին Սուսաննան էլ վստահ է, որ եթե մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը աշխարհը դատապարտեր, հայերը նորի առաջ չէին կանգնի։ Հավելում է՝ խաղաղությունն այլընտրանք չունի. - «Մենք, իհարկե, բոլորս աղոթում ենք նախ խաղաղություն հաստատվելու համար, աղոթում ենք Աստծուն ամեն օր: Բոլորս երեսներս դարձրել ենք դեպի Աստված, բայց ես կարծում եմ, որ համաշխարհային մարդկությունը չի կարողանա ընդունել մի բան, որ 100 տարի առաջ ցեղասպանությունը կրկնվի: Ես առաջ մտածում էի, թե երևի խոսքեր են, որ ասվում են, այդ 100 տարի առաջ կատարված ցեղասպանությունը եթե ըստ արժանվույն գնահատվեր աշխարհի մարդկության կողմից, այսօր նույնը չէր կրկնվի, և կարծում եմ, և տա Աստված, որ սա լինի վերջինը, ամնողջ մարդկության համար փորձ լինի, խրատ լինի, որ այլևս թույլ չտան ոչ մի կրակոց, որովհետև յուրաքանչյուր մարդ, երբ աշխարհ է գալիս, իրավունք ունի ապրելու, և ոչ մեկն իրավունք չունի մյուսի կյանքը խլելու` դա լինի հայ, լինի ուրիշ ազգ: Մարդը մարդուն իրավունք չունի կյանքից զրկելու, և ես կարծում եմ, որ խաղաղությունը կամաց-կամաց մոտենում է»:
Տիկին Սուսաննան Արցախից Գյումրի տեղափոխված ընտանիքների հետ է հանդիպել ու հասկացել, որ բոլորն իրենց տունն են ուզում, թեկուզ՝ ավերված. - «Ես երեկ հանդիպել եմ երեխաների հետ, բոլորը տուն են ուզում, իրենց տունն են ուզում` թե փլված է, թե քանդված է, թե գյուղում են ապրում: Իրենք այստեղ հյուրանոցներում շատ լավ տեղավորվել են, բայց իրենց տունն են ուզում, որովհետև իրենք հայրենիքի ամենակարևոր մասը նաև իրենց տունն է»: