Լոռու մարզի տարբեր համայնքներում ընտանիքներ են տեղավորվել Լեռնային Ղարաբաղի ռմբակոծվող տարածքներից։ Կանայք ու երեխաները Հայաստան են եկել առանց տղամարդկանց։
Ստեփանակերտից Վանաձոր տեղափոխված երեք երեխաների մայրը՝ Աիդան, պատմում է՝ առաջնագիծ մեկնող ամուսնուն հետ չի պահել, ճանապարհել ու եկել են Հայաստան։
«Ինքը կամավոր գնաց, նույնիսկ երեխաները լացեցին, որ չգնա, գնաց», - ասաց Աիդան:
15-ամյա Միլենան հիշում է՝ առաջին ռումբերի ձայնը լսելիս ամեն ինչ ասես տակնուվրա եղավ. «Էդ օրը շատ դասեր ունեի սովորելու, պարապմունքների պիտի հաճախեի, ուզում էի ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել»:
Երկու հարևան ընտանիքներով Վանաձորում տեղավորվել են մի հարկի տակ։ Նրանց հյուրընկալել է Արմինեն, որ մեկ տարի Ստեփանակերտում ապրել է նրանց հարևանությամբ։ Արմինեն ասում է՝ Ղարաբաղում իրեն երբեք միայնակ չէին թողնում, այժմ էլ, երբ նրանք էին դժվարության մեջ, միանգամից մեկնել է Ստեփանակերտ և անձամբ տեղափոխել Վանաձոր։
«Բնականաբար, երեխաները չէին ցանկանա դուրս գալ իրենց բնակավայրերից, սակայն անհրաժեշտությունից ելնելով բոլորը միասնական կարգով հավաքվել և դուրս են եկել մեզ հետ միասին», - ասաց նա:
Այժմ դժվար է ասել՝ մեծերն են երեխաներին ուժ տալիս, թե երեխաները՝ մեծերին, բայց բոլորը հավատում են առաջնագծին զինվոր հարազատներից ստացած հավաստիացումներին, թե հաղթելու ենք, թեև ամեն անգամ պատերազմի մասին խոսելիս հազիվ են զսպում արցունքները։
15-ամյա Միլենան, որի երազներում ու պատկերացումներում երբեք տեղ չեն ունեցել պատերազմն ու ռումբերը, արցունքների մեջ փորձում է ուժ գտնել ու ուղերձ ուղղել ռազմաճակատում գտնվող հարազատներին ու նրանց զինակիցներին. «Մենք նորմալ ենք, ամեն ինչ լավ է, ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:
Վանաձորում պատերազմի առաջին իսկ օրից մարդիկ կամավոր իրենց աջակցությունն են ցուցաբերում ինչպես Ղարաբաղից եկած ընտանիքներին, այնպես էլ այնտեղ մնացածներին, նաև զինվորներին։ Տասնյակ խմբեր են ձևավորվել, որոնք գրի են առնում առաջացած կարիքները, գտնում անհրաժեշտ իրերն ու ապահովում դրանց տեղափոխումը։
Համլետ Սանդրոսյանն իր ընկերների հետ Վանաձորի կենտրոնում է հավաքագրում օգնությունները։ Պարկերով կարտոֆիլ, կապոցներ, զինվորական համազգեստ ու զինվորներին ուղղված նամակներ ունեին, պատրաստվում էին հերթական մեքենան ուղարկել Ղարաբաղ։
Լոռիում արդեն միջոցներ են ձեռնարկվում Լեռնային Ղարաբաղից տեղափոխված երեխաների դպրոց հաճախելու հարցը ժամանակավորապես լուծելու ուղղությամբ։ 10-ամյա Վաչեն եղբոր հետ արդեն երեք օր դպրոց է հաճախում։ Ասում է՝ այստեղ լավ է, բայց կուզենար տուն գնալ։