«Մշտական աշխատանքային շփման մեջ եմ Փաշինյանի հետ», - շեշտում է Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

«Մենք հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներում այս հակամարտությունը կդադարեցվի», - անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողություններին՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Պուտինը նաև նշել է. - «Հակամարտության սպառմանը ըստ ամենայնի դեռ շատ կա, բայց ամեն դեպքում ես կցանկանայի մեկ անգամ ևս կոչ անել դադարեցնել կրակը»։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Ռուսաստանի նախագահը նշել է. - «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այդ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի։Ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ընթանում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք մշտապես դրանք կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել»:

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի հետ հարաբերություններին՝ Ռուսաստանի նախագահը նշել է. - «Ես Նիկոլ Փաշինյանի հետ մշտական կենդանի աշխատանքային շփման մեջ եմ, և Հայաստանի ղեկավարության մոտ որևէ հարց չի ծագում՝ կապված Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտավորությունների կատարման որակի հետ»։