Հայկական կողմը հերքում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հրթիռակոծման մասին Ադրբեջանի պնդումը

Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողը մարտի ժամանակյ, հոկտեմբեր, 2020թ.

Հոկտեմբերի 6-ին ուշ երեկոյան Ստեփանակերտն ու Շուշին կրկին ռմբակոծվել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանն էլ հայտնում է, որ ադրբեջանական մի քանի շրջաններ գնդակոծության են ենթարկվել: Երեկ ուշ երեկոյան պաշտոնական Բաքուն հայտարարեց՝ հայկական կողմը հրթիռակոծել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մի հատվածը, սակայն Ադրբեջանի զինված ուժերը վտանգը չեզոքացրել են։

Հայկական կողմը հերքում է այս տեղեկությունը։ Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ - «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»:

Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Բաքվի՝ նավթամուղի հրթիռակոծման վերաբերյալ հայտարարությանը, ասել է․ - «Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները»։

Գիշերը Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Թվիթերում գրել էր, թե «Հայաստանը կասետային հրթիռ է արձակել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ», որն իբր վայր է ընկել Եվլախի շրջանի մերձակայքում՝ խողովակաշարից 10 մետր հեռու, նավթամուղը չի վնասվել:

Մինչև հոկտեմբերի 4-ը Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 խաղաղ բնակիչ։ Ադրբեջանական կողմն էլ հայտնում է իր խաղաղ բնակիչների շրջանում 28 զոհի և 145 վիրավորի մասին։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը CNN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ տարբեր երկրների ղեկավարների հորդորել է միջամտել ու ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Թուրքիան դադրեցնի իր ներգրավվածությունը տարածաշրջանում։

«Թուրքիայի միջամտության արդյունքում այս հակամարտության մասշտաբը և բարդության աստիճանը բարձրացնում են ևս մեկ մակարդակով, և, ի վերջո, կարող են վերածել մեկ այլ Սիրիայի, սակայն, եթե Կովկասը դառնա Սիրիայի նման մի վայր, ապա այդ դեպքում թող Աստված օգնական լինի բոլորին՝ Եվրոպային, Կենտրոնական Ասիային, դա ազդեցություն կունենա բոլորի, ներառյալ՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի վրա», - ասել է Հայաստանի նախագահը։

Նախագահի խոսքով, եթե Թուրքիային հնարավոր լինի զսպել, ապա հրադադարի և հետագա բանակցությունների հնարավորություն կլինի։

Ադրբեջանը հերքում է ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ պնդումները։