Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատել է՝ Նավալնին թունավորվել էր «Նովիչոկ»-ով

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, արխիվ

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հավաստել է՝ Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնին թունավորվել էր «Նովիչոկ» նյութով։

Ըստ այսօր տարածված պաշտոնական հաղորդագրության, այդ փաստը հաստատվել է կազմակերպության կողմից արտոնագրված լաբորատորիաներում կատարված հետազոտություններով, որոնց արդյունքները փոխանցվել են Գերմանիայի կառավարությանը։

«Սա լրջագույն մտահոգության առիթ է մեզ համար», - հայտարարել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասը։

Կառույցում Գերմանիայի ներկայացուցիչը խնդրել է զեկույցի արդյունքները ուղարկել կազմակերպության անդամ բոլոր պետություններին։ Միացյալ Նահանգները, Գերմանիան, Մեծ Բրիտանիան վերստին հորդորել են Ռուսաստանին լույս սփռել ընդդիմադիր գործչի դեմ կատարված մահափորձի վրա։