«Այդ քաղաքականությունը վատ կվերջանա Էրդողանի համար». Արաբական լիգայի ղեկավար

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթ, արխիվ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը հայտարարել է, որ Թուրքիան ապակայունացնում է իրավիճակը Միջերկրականում և Կովկասում:

Կահիրեում հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում Արաբական պետությունների լիգայի ղեկավարն ասել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները նախագահ Ռեջեփ Էրդողանին նկատել են տալիս, որ նա ի վերջո պատասխանատվություն է կրելու դրա համար:

«Էրդողանը ռազմական եղանակով միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին, Էրդողանը Կովկասում միջամտում է Հայաստանի և Ադրբեջանի հարցերին, առճակատվում է Հունաստանի և Կիպրոսի հետ, հարձակվել է Միջերկրականում բնական գազ պարունակող հատվածների վրա և Ֆրանսիայի նման ազդեցիկ պետությանը ստիպել է ավիակիր ուղարկել Կիպրոս: Նույնիսկ Իտալիան, որը շատ հարցերում ըմբռնում է Թուրքիայի մոտեցումները, համերաշխություն է հայտնում Ֆրանսիային», - ասել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը:

Դառնալով Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին, նա խոսել է սիրիացի վարձկանների մասին:

«Ինձ շատ է զայրացնում այդ հանգամանքը, շատ տխուր է, որ սիրիացի վարձկաններն Էրդողանի կողմից օգտագրծվում են Թուրքիայի հետ առնչություն չունեցող հարցերում», - ասել է Ահմեդ Աբուլ Ղեյթը:

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը հեռուստաուղերձում նշել է, թե այդօրինակ քաղաքականությունը «վատ կվերջանա Թուրքիայի և նրա ղեկավարի համար»: