Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին են անդրադարձել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը այսօր Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ:
«Երկուստեք մտահոգություն հայտնվեց այդ տարածաշրջաններում սադրիչ գործողությունների և կայունության ու անվտանգության խաթարմանն ուղղված գործելակերպի դրսևորումների առնչությամբ, շեշտվեց տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմանն ու ամրապնդմանը միտված միջազգային հանրության միասնական քայլերի կարևորությունը», - հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:
ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:
Անդրադարձ է կատարվել պաղեստինյան խնդրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին, Մնացականյանը կարևորել է Լիբանանի և Սիրիայի հումանիտար խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:
Նախարարը նշել է, որ այս հանդիպումը լավ առիթ է՝ վերարժևորելու Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված համագործակցությունը և ուրվագծելու այն ընդլայնելու հեռանկարները: Երկուստեք ընդգծվել է հայկական համայնքների դերը Հայաստանի և արաբական աշխարհի հարաբերությունների ամրապնդման գործում: