Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարները դատապարտում են աննախադեպ և վտանգավոր էսկալացիան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները ամենավճռական կերպով դատապարտում են բռնությունների աննախադեպ և վտանգավոր էսկալացիան ղարաբաղյան հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս:

«Վերջին հարձակումները, որոնց թիրախները ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն են` թե' շփման գծի երկայնքով, թե' Հայաստանի և Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև այդ հարվածների անհամաչափությունը անընդունելի վտանգ են ներկայացնում տարածաշրջանի կայունության համար», - ընդգծել են Սերգեյ Լավրովը, Մայք Փոմփեոն և Ժան Իվ Լը Դղիանը:

Հղում անելով իրենց ղեկավարների` միջնորդ երկրների նախագահներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Էմանյուել Մակրոնի` անցած շաբաթ տարածած հայտարարությանը` արտգործնախարարները վերստին կոչ են անում կողմերին անհապաղ և անվերապահ հրադադար հաստատել: «Համանախագահող երկրները վճռական են տրամադրված լիովին իրագործել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց տրված մանդատը», - հայտարարել են երեք գերտերությունների արտգործնախարարներն ու հավելել` միջնորդական այդ մանդատին համապատասխան իրենք շարունակում են հետևողականորեն զարգացնել փոխազդեցությունը կողմերի հետ` կոչ անելով նրանց «անհապաղ իրենց վրա վերցնել բանակցային գործընթացը վերսկելու պարտավորությունները` գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք հայտնի են երկու կողմին էլ»: