«Տղե՛րք, հայրենիքն ունի ձեր կարիքը». Փաշինյանը վերջին 1 տարում զորացրվածներին կոչ արեց զինվորագրվել

Տեղ-տեղ ծանր մարտեր են ընթանում, իսկ մյուս ուղղություններում Արցախի բանակը վստահ կերպով վերահսկում է իրավիճակը, Արցախի սահմաններից վերջին տեղեկությունները հայտնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտակոչով դիմեց վերջին մեկ տարում զորացրված երիտասարդներին իր խոսքով` «հայրենիքի համար կենաց-մահու պայքարին մասնակցելու» համար։

«Խնդիրն այն է, որ մեր օրենսդրությամբ վերջին 1 տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները ենթակա չեն զորակոչի: Խնդիրն այն է, որ վերջին տարում զորացրված տղաները գործնական ամենամարտունակ մեր մոբիլիզացիոն ռեսուրսն են: Եվ խնդիրն այն է, որ այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը: Տղե՛րք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը», - ասաց նա:

Փաշինյանը կրկնեց շաբաթ հնչեցրած իր միտքը, որ Արցախի սահմաններին այժմ ընթացող պատերազմը ոչ թե Ղարաբաղի, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայոց ցեղասպանության շարունակությունը կանխելու հարց է. - «Այո, այսօր Հայաստանի քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ, և Հայաստանի քաղաքացին պիտի կարողանա պաշտպանել իրեն, և ես, իրավիճակը վերլուծելով, եկել եմ այն եզրակացության, որ այսօր մեր ամենամարտունակ հատվածը մեր հանրության վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաներն են»:

Վերջին մեկ տարում զորացրված նախկին զինվորներին վարչապետն առաջարկեց ներկայանալ կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել բանակին «նոր Սարդարապատում» կռվելու համար. - «Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց ու անկեղծ ասել, որ իրենք չեն հրավիրվում ուղղակի մարտական հերթապահություն կամ ծառայություն իրականացնելու, իրենք հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու: Եվ ուզում եմ ասել, որ նրանք, ովքեր դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան միանգամից զինվորական հագուստներով, իհարկե նաև անհրաժեշտ փաստաթղթերով»:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի օրենքով պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո մեկ տարուց ոչ շուտ, ինչի պատաճռով, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է կամավոր գնալ ծառայության. - «Սա մի նոր Սարդարապատ է, և մենք կողք կողքի, ուս ուսի պետք է կանգնենք և մեր հակառակորդի ողնաշարը պետք է ջարդենք, և մենք պետք է հաղթենք: Եվ ես հավատում եմ, իմիջայլոց, այդպիսի տասը հազար տղա կա այսօր Հայաստանի Հանրապետությունում, և եթե այդ տասը հազար տղաներից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներցի մեկը: Խոսքը գնում է կենաց-մահու կռվի մասին»:

Փաշինյանի ուղիղ եթերից 15 րոպե անց նրա որդին՝ Աշոտ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում զինվորական հագուստով նկար հրապարակեց ու գրեց, որ քիչ առաջ կամավորագրվել է կենտրոնական հավաքակայանում: «Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները», - գրել է Աշոտ Փաշինյանը, որը վերջերս էր զորացրվել։