Հայաստանի արտագործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ, հայտնում են ԱԳՆ-ից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների շուրջ:
Նախարար Մնացականյանը պետքարտուղարի տեղակալ Բիգանին տեղեկատվություն է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված հրետակոծման, դրա հետևանքով առաջացած մարդկային և նյութական կորուստների վերաբերյալ։
ԱԳ նախարարը Սթիվեն Բիգանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմանը և խստորեն դատապարտել այն։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորել է կրակի շուտափույթ դադարեցումը և այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը: