Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, դրանք որակելով հերթական կեղծիք։
«Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է», - Ֆեյսբուքում գրել է նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Մեկ այլ գրառմամբ խոսնակը նշում է. - «Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու հիմա էլ հայտարարում է, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները։ Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում»:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը սոցցանցերում գրառումներով պնդել է, մասնավորապես, թե Գյանջայի վրա արձակվել է 4-ից ավելի հրթիռ, Խըզը և Ապշերոն շրջանի վրա՝ 300 կմ հեռահարությամբ 2 հրթիռ, Մինգեչաուրի ջրամբարի և էլեկտրակայանի ուղղությամբ՝ 4 հրթիռ: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ ենթակառուցվածքներին լուրջ վնաս չի հասցվել, կան մի քանի վիրավորներ: