Սա մի նոր Սարդարապատ է, և մեր նպատակի անունն է՝ հաղթանակ. Նիկոլ Փաշինյան

«Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է՝ հաղթանակ: Այդ նպատակի անունն է՝ հաղթանա՛կ: Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթենք: Ու մենք անպայմանորեն կհաղթենք: Ու չկասկածեք՝ մենք անպայմանորեն կհաղթենք», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն այսօր հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց՝ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում միայն Ղարաբաղի հարցը չէ, որ փորձում են լուծել, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակումն է, որը, սակայն, նրանց չի հաջողվելու։ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանի և Արցախի քաղաքացին այլևս Դեր Զորի ճամփորդը չէ։

«Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերևս ամենավճռորոշ փուլում: Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետևից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, և նրանք խնդիր են դրել Հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր:

Բայց այսօր, այստեղ ուզում եմ ասել, որ հիմա այլևս՝ հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին, Դեր Զորի ճամփորդը չէ: Այսօր, քան երբևէ, մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ», - հայտարարեց վարչապետը:

Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ այս պահին էլ թեժ մարտերը շարունակվում են, Արցախն ու Հայաստանը դիմակայում են ադրբեջանաթուրքական ահաբեկչական լայնամասշտաբ հարձակմանը։ Հակառակորդը գրոհում է այնպիսիս ծավալներով, որն ըստ ռազմական փորձագետների, 21-րդ դարում հաճախ չի պատահում հակամարտության գոտիներում։ Ըստ Փաշինյանի, հարյուրավոր տանկեր և մարտական մեքենաներ, հազարավոր արկեր և հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, 100-ավոր անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հազարավոր հետևակ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի պաշտպանական դիրքերը՝ շփման գծի ամբողջ երկայնքով։

Հայաստանի վարչապետի փոխանցմամբ՝ նախորդ օրվա իրենց վերլուծությունները ցույց են տալիս, որ Արցախի պաշտպանության բանակի մեկ մարտական դիրքի վրա գրոհում են հակառակորդի 150-ից 200 զինվոր։ Ընդորում, այսպիսի գրոհները օրվա մեջ կրկնվում են մի քանի անգամ՝ օդանավերի, անդօաչու թռչող սարքերի և հրետանու աջակցությամբ։

«Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ: Մեր տեղեկություններով՝ թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տարբեր օղակների հրամանատարական կետերում և ղեկավարում են ռազմական գործողությունները: Այս նկարագրությունն ինքնին պիտի վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում», - ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն ընդգծեց, այս պահին հայկական կողմն ունի մարդկային բազմաթիվ կորուստներ, թե՛ զինվորականների և թե՛ քաղաքացիական անձանց շրջանում, շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդը այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որևէ ռազմավարական խնդիր։

«Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, հակառակորդի մարդուժի կորուստները անցնում են մի քանի հազարը: Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում, որոշ տեղերում Պաշտպանության բանակի զորքերը գտնվում են բավական ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծեց՝ երեկ զրույցներ ունենալով Արցախի պաշտպանության բանակի հրամանատարների, սպաների ու նաև շարքայինների հետ, նրանց ասել է, որ սիրում ու հպարտանում է նրանցով, և նաև ասել է, որ հայ ազգը համաձայն չէ, որևէ ուրիշ այլ ավարտի, քան հաղթանակն է։

«Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդեն՝ ժամեր առաջ, Արցախի Պաշտպանության բանակը իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ եւ հասել էական հաջողությունների՝ ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներ:

Մեր թշնամին, որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու եւ հաղթելու հայկական կամքի հետ, ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլեւս երբեք, այլեւս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին», - հայտարարեց նա: