«Հակամարտությունը չպետք է միջազգային բնույթ ստանա». Մայք Փոմփեո

ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարը հուսով է, որ Ղարաբաղ սիրիացի գրոհայինների տեղափոխվելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ուրբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Գազիանթեփով Ադրբեջան ուղարկված սիրիացի իսլամիստների մասին տվյալները սխալ կլինեն։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, թե Ֆրանսիան տեղեկատվություն ունի, որը ցույց է տալիս, որ ջիհադիստական խմբավորումների սիրիացի գրոհայիններն անցել են Գազիանթեփ (քաղաք Թուրքիայի հարավ-արևելքում, նախկին Այնթապը)՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի թատերաբեմ հասնելու համար:

Ելիսեյան պալատի ղեկավարը պնդել է, որ այդտեղ տեղեկությունները «հատաստված փաստեր են»։ Մակրոնի խոսքերով` Ռուսաստանը նույնպես այդ մասին տեղեկատվություն ունի:

«Ես նույնպես տեսել եմ այդ տվյալները, իրականում սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել այս պահին։ Հույս ունեմ, որ սա այդ դեպքը չէ։ Մենք տեսել ենք, թե ինչպես են սիրիացի զինյալներին Սիրիայից տեղափոխում Լիբիա: Դա է'լ ավելի շատ անկայունության, ցնցումների, մարտերի տեղիք տվեց և քիչ խաղաղության։ Կարծում եմ՝ նույնը կլինի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ այդ տվյալները իրականությանը չեն համապատասխանի»,- ասել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավար Մայք Փոմփեոն:

ԱՄն պետքարտուղարը հիշեցրել է, որ խոսքը երկարամյա հակամարտության մասին է, և «երբ լարվածությունը սրվում է, երրորդ երկրները ռազմամթերք են տրամադրում, սպառազինություն, իրավիճակը բարդանում է, մեծացնում մարդկային զոհերի վտանգը և նվազեցնում խաղաղության հնարավորությունը»։

Հինգշաբշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում պետքարտուղարը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնածավալ գործողություններին, հայտարարել է, որ հակամարտությունը չպետք է միջազգային բնույթ ստանա, և որ կողմնակի ուժերը պետք է հեռու մնան։

«Հուսով ենք՝ առաջիկա օրերին նրանք կհամոզվեն, որ անհնար է ռազմական ճանապարհով կարգավորել էթնիկ ու քաղաքական հակամարտությունները, իսկ երրորդ երկրների միջամտությունը միայն կխորացնի խնդիրը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Այսօր հայտնի դարձավ նաև, որ Պետական դեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական վարչության ղեկավար, դեսպան Ֆիլիպ Ռիքերը հոկտեմբերի 3-5-ը կայցելի Ստամբուլ և Անկարա:

Բարձրաստիճան դիվանագետը թուրք պաշտոնյաների հետ քննարկելու է երրկու երկրների համագործակցությունը զարգացնելու հնարավորությունը և իրավիճակը Միջերկրականում ու Կովկասում: