Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային դադարեցնել միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը

ԵՄ գագաթնաժողովը Բրյուսելում, 1-ը հոկտեմբերի, 2020թ.

Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կառուցողական դեր ստանձնել՝ լարվածության թուլացման համար, հայտարարել է Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը՝ ամփոփելով անդամ երկրների նախագահների երեկվա գագաթնաժողովը։

Ֆրանսիայի նախագահն այդ հանդիպումից հետո հայտարարել էր, թե Փարիզը ստույգ տեղեկություններ ունի, որ Թուրքիան ջիհադիստ վարձկանների է ուղարկում Ադրբեջան։ Պատասխանելով այս մասին լրագրողների հարցին՝ Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է. - «Այո, մենք ուզում ենք, որ վերջ տրվի արտաքին միջամտությանը, դա է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը»։

Գագաթնաժողովի ավարտին ԵՄ երկրները նաև հայտարարություն են ընդունել, որով վերստին կոչ են արել կողմերին անհապաղ դադարեցնբել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և տևական կարգավորումը գտնելու համար։

«Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, չի կարող լինել նաև արտաքին միջամտություն», - հայտարարել է Եվրամիությունը՝ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։