Ադրբեջանական 4 ԱԹՍ է հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում, 4-ն էլ ոչնչացվել են. վարչապետ

Ադրբեջանական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում, տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա տեղեկացմամբ` դրանք բոլորն էլ ոչնչացվել են:

«Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանցից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման և չեզոքացման գործընթացը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Րոպեներ անց վարչապետը տեղեկացրեց, որ չորրորդ ԱԹՍ-ն էլ է ոչնչացվել:

«Հանդարտ, վստահ և դուխով: Հաղթելու ենք», - գրեց պետության ղեկավարը:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ու Շուշան Ստեփանյանը հայտնել էին, որ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է Ադրբեջանի անօդաչու թռչող սարք:

«Ժողովուրդ ջան ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում, մի անհանգստացեք», - գրել է Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում: