Առողջապահության նախարարությունում մտահոգված են կորոնավիրուսի թվերի աճով։ Առողջապահական գերատեսչությունից հայտնում են՝ չպետք է ստեղծված իրավիճակում անտարբերության մատնել համաճարակային իրավիճակը, անհրաժեշտ է խստիվ պահպանել կանոնները. – «Կոչ ենք անում չկորցնել զգոնությունը, եկեք շարունակենք կրել դիմակներ, պահպանենք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը»:
Թեստավորվածների ընդհանուր թվի նկատմամբ վարակվածների տոկոսային հարաբերակցությունը երեկ շուրջ 12, իսկ նախօրեին 14,5 տոկոս էր։ Մինչդեռ սեպտեմբերի 23 օրերին թեստավորվածների ընդհանուր թվի նկատմամբ վարակվածների տոկոսային հարաբերակցության միջին օրական թիվը 6,9 է եղել։
Հասմիկ Ղազինյան, վարակաբան. – «Որքան մենք լինենք ապշած, որքան մենք լինենք ապրելով առաջնագծով, այնուամնայնիվ մենք չպետք է մոռանանք, որ մենք առաջնագծի թիկունքն ենք և այդ թիկունքում մենք անելիքներ ունենք»։
Ղազինյանը անհանգստացնող է համարում վերջին օրերին գրանցվող դեպքերի աճը։ Մասնագետը նկատում է, որ հատապես վերջին շրջանում մարդիկ ավելի շատ են անտարբերության մատնել հակամաճարակային կանոնները. – «Պատերազմը՝ պատերազմ, բայց մենք պետք է ավելի զգույշ, ավելի ըմբռնումով պահպանենք հակահամաճարակային բոլոր միջոցառումները։ Ինչո՞ւ: Որպեսզի մեր ամբողջ բժշկական ներուժը ուղղորդենք մեր զինվորներին»:
Վարակաբանն ասում է, որ եթե մարդիկ շարունակեն չպահպանել հակահամաճարակային կանոնները, ապա կորոնավիրոսւով վարակվածների թիվն աճը հնարավոր չի լինի կանխել։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տվյալ պահին COVID-19-ից Հայաստանում բուժվում ստացող 5 հազար 370 քաղաքացի կա, որոնց մի մասը բժշկական կենտրոններում են։ Հայաստանում այս պահին կորնավիրուսով հիվանդներին սպասարկում է 10 հիվանդանոց։
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան. – «Այս պահի դրությամբ 1134 հոգի ստանում է հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ ընդհանուր մահճակալների թիվը, որ կարող են սպասարկվել, այսինքն որ ծավալված է, 1575-ն է: Այսօր ժամը 2-ի դրությամբ ծանր վիճակում գտնվող 270 պացիենտ ունենք, իսկ ծայրահեող ծանր վիճակում` 79»:
Երեկ COVID-19-ից ապաքինվածների թիվն ավելացել է 218-ով։ Գրանցվել է մահվան ևս 4 դեպք։ Վիրուսի բռնկման պահից ի վեր Հայաստանում կովիդով վարակվել է 50 հազար 850 մարդ։