«Երեխեն ասում ա` կարող ա թուրք ա մտել գյուղը»: Սա 30 տարի առաջ Բաքվի ջարդերից փախած Տոմա Ավագյանի ամենամեծ վախերից մեկն է: Հավաքում է սեպտեմբերի 30-ի գիշերն ադրբեջանական անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով կոտրված պատուհանի կտորներն ու ասում` այս անգամ իրեն չեն ստիպի լքել իր տունը:
«Ո՞ւր գնանք, էստեղ ա մեր տունը, ո՞ւր գնանք, ուրիշ տեղ գնալու չունենք: Հագնված պառկում ենք, հագնված էլ վեր ենք կենում: Իմ տղին էստեղ մենակ ո՞նց թողնեմ, չեմ կարա, անասուն ունենք, երեխես մենակ ա, ես գնամ, իմ ջանս փրկեմ, իրան մենակ թողնե՞մ... Լավ կլինի, ավելի լավ, վատ կլինի, թող վատ լինի, երկուսով միասին լինենք…
89 թվականն էր, որ մտել էին, ջարդուփշուր էին արել, ես արդեն տեսած եմ»:
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում ապրող տիկին Տոման իր մասին խոսել չի սիրում, հարևաններն են պատմում` ինչ դժվարությունների միջով է անցել, ինքը աշխատում է միայն լավը հիշել, անգամ Բաքվից, որտեղ ծնվել, մեծացել է. - «Ի՞նչ հիշեմ, մինչև կռիվ ընկնելը շատ լավ ա եղել, բոլորը ոնց որ մի ընտանիք լինեին, բոլորն էլ ռուսերեն են խոսացել, չէիք ասի` թուրք ա, հայ ա, ռուս ա, բայց կռվից հետո, որ Սումգայիթն ընկավ, հետո Բաքվում, արդեն շատ վատ է եղել, արդեն ջոկողություն է եղել, ջարդուփշուր է եղել, դաժե հայը վախեցել է տնից դուրս գա, հային օգնության հասնի, մեր տները ջարդուփշուր են արել, օգնություն չի եղել մեզ»:
2 գիշեր շարունակվող ինտենսիվ կրակահերթերից հետո որոշել են հարսին ու նորածին թոռանը Երևան ուղարկել։ Ինքն ու կրտսեր որդին են հիմա տանը, վաղ առավոտից պայթյունի հետքերն են վերացնում, ամենաշատը տխրել է հարսի աճեցրած ծաղիկների համար, մի քանիսը վնասվել են։ Մնացածն, ասում է, ուղղելի է. - «Ինչ լինում է, դրան լինի, մենք լավ լինենք»:
Իսկ պայթյունը տնից մի քանի մետր այն կողմ է եղել։ Սա սեպտեմբերի 30-ի գիշերը հայաստանյան հակաօդային պաշտպանության կողմից վնասազերծված միակ ԱԹՍ-ն չի եղել։ Գյուղացիները արդեն ձայնից հասկանում են՝ թռչող սարքը հետախուզական է, թե կամիկաձե կամ թե ինչ հերթականությամբ է գործում ադրբեջանական կողմը. - «Որ դզզոցը գալիս ա չէ, որ ուշադիր լսում ես, դզզոցը հենց խլացավ, ուրեմն ընկնում է, հաստատ ընկնում է: Ավտոբուսի պայթմանն էլ եմ էնտեղ եղել... Մեր տղաները շատ ուժեղ են, շատ լավ են աշխատում, ցանկացած օդային մի բան ֆռաց, ուրեմն կրակում են, հասցնում են, աչքի թայը հանում են: Էսի ուղիղ 2-ին 10 րոպե պակաս տրաքել է գիշերը, մենակ էս չի տրաքել, էս տարածքում երևի մի 8 հատ ընկել է, իմ տան հետևն էլ է ընկել, կրակում են, աջ ու ձախ խփում են»:
Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասում է՝ միայն Սոթքում չէ այս վիճակը, 18 գյուղից կազմված խոշորացված համայնքում վնասված տները տասնյակների են հասնում. - «Քանի որ հին տներ են հիմնականում, պատերը թույլ են, այդ ցնցումից պատերը ճաք են տալիս: Ռումբը չի ընկել տների վրա, չի պայթեցրել, բայց էտ ցնցումներից տեսաք` ինչքան վնաս կա»:
Գիշերը հրետանի է աշխատել նաև գյուղապետի տան ուղղությամբ։ Համայնք այցելած օմբուդսմենին Ավետյանը պատմում է, թե ինչպես է խաղաղ բնակչությունը նպատակային հրետակոծության ենթարկվում: Ընտրված թիրախներից գյուղացիները եզրակացրել են՝ նպատակը Սոթք-Քարվաճառ ճանապարհը շարքից հանելն ու Հայաստան -Արցախ կապը կտրելն է. - «Բայց չեն կարա, ո՞նց կարան, իրանք էտքան ուղեղ չունեն, որ էս ճանապարհը վերացնեն: Հրետանին արկն ուղարկում է էստեղ, արկը գալիս է, ուղղակի երկաթի կտորի պես մի հատ փոս ա փորում, փոշի ա, չի պայթում: Տեխնիկան լավն է, օգտագործողներն են հիմար, չեն հասկանում` ոնց պետք է օգտագործեն, շատ բարդ տեխնիկա է, նենց չի, որ մեր 18 տարեկան տղա երեխեքը կարողանում են անել, ուրեմն շատ հեշտ է, բարդ պրոցես է իրենից ներկայացնում»: