Ապրիլյան պատերազմից չորս տարի անց Գյումրիի Հայորդյաց տունը կրկին վերածվել է ռազմական գործողությունների կիզակետում հայտնված Արցախի համար օգնության հավաքագրման կենտրոնի։
Շիրակի մարզի գրեթե բոլոր համայնքներից մարդիկ բերում են ունեցածը՝ ով ինչ կարող է: Հայորդյաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանն ասում է, որ սփյուռքի համայնքներից ևս աջակցում են:
«Աշխարհագրությունը շատ մեծ է՝ Շիրակի մարզի բոլոր համայնքներից, կարելի է ասել, անհատ թոշակառուներից մինչև մանուկներ, որոնք ուզում են անպայման իրենց ձեռքով փոխանցած լինել, և նաև այսօր շատ մեծ ծավալով աջակցություն եկավ Շվեդիայի հայ համայնքից, դրսից մեր ընկերները միանում են այս նախաձեռնությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եդիգարյանը:
Կամավորների մեծ խումբ տեղում տեսակավորում է օգնությունը՝ հագուստ, ծխախոտ, դեղորայք, սնունդ: Պահածոների մեծ խմբաքանակ կար, պարկերով կարտոֆիլ, այլուր: Աստղիկ Եդիգարյանն ասում է՝ նույնիսկ պարկերով բուրդ էին բերել. – «Կոշիկի վաքսից սկսած՝ մինչև պարկերով բուրդ: Իհարկե, դա չենք վերցնում, բայց, ամեն դեպքում, մարդը մտածել է, որ կարող է դրա կարիքն էլ լինել»:
Հանգանակությունն ու օգնությունը ավելի նպատակային դարձնելու համար «Ես Արցախն եմ, Շիրակ» նախաձեռնությամբ են հանդես գալիս: 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին ու հիմա ի՞նչ փոփոխություն է նկատում մարդկանց մոտ: «Ոչինչ չի փոխվել, հավատացեք, մարդկանց այդ ոգևորության առումով, բայց վստահությունը փոխվել է՝ պետական համակարգի, և նաև... Եթե այն ժամանակ մտավախություններ ունեինք, որ պիտի տեղ չհասնի, հավատացեք՝ այսօր այդ մտավախությունները չկան», - արձագանքեց Հայորդյաց տան տնօրենը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորան վերջին տարիներին միշտ առաջնագծի համար անվադողեր է հավաքում ու Արցախ տեղափոխում։ Ասում է՝ թիկունքը ևս ամուր է. - «Ամբողջ ազգը բանակ է: Երեխան գալիս է, մի հատ էլ Ղարաբաղ է ուզում գալ, ի՞նչ ասենք, էլի: Մանավանդ անվադողերը, տեսնում եք՝ ինչպես են հավաքում երեխեքը՝ գրկելով, վրեքները կեղտոտված, բան, բայց իրենք իրենց մարդ են զգում, հայ են զգում, լավ: Էդ է ուժը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Ժորա Աբգարյանը: