Այսօր Լեռնային Ղարաբաղի հարավային մասում գտնվող Հադրութ քաղաքը նույնպես ենթարկվել է ադրբեջանական ռմբակոծության: «Ազատության» նկարահանող խումբն այսօր Հադրութում է եղել, արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը: Հարվածներ են հասցվել տներին:
Մարդիկ «Ազատությանը» պատմել են, որ կիրակի առավոտվանից Հադրութը ենթարկվել է ռմբահարության: Ըստ բնակիչների` քաղաքական բնակչության շրջանում կա մեկ զոհ` տարեց կին, ում տան մոտ անօդաչու թռչող սարք էր պայթել:
Այսօր օրվա ընթացքում Հադրութի հարակից բարձունքները նույնպես ենթարկվել են ռմբահարության: Բնակիչներից մեկի խոսքով` քաղաքի ծայրամասում գտնվող տներից մեկին է հարված հասցվել: Տեղի իշխանություններից մեկի խոսքով` երբ ինքը դուրս գալիս է եղել քաղաքից, նկատել է` ծայրամասում գտնվող տան մոտ է ընկել արկը, ինչպես նաև քաղաքին մոտ գտնվող գերեզմանոցում:
Ժամանակ առ ժամանակ ինչպես Հադրութում, այնպես էլ Ստեփանակերտում հնչում են օդային տագնապի ազդանշաններ: Առավոտյան Ստեփանակերտի մոտ հայկական հակաօդային պաշտպանության ուժերը խոցեցին ադրբեջանական անօդաչու թռչող երկու սարք` ըստ Պաշտպանության բանակի հաղորդագրության:
Ի դեպ, Հադրութի բնակիչները պատմում են, որ առաջին օրը` սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը կիրառել է նաև ռազմական ինքնաթիռներ, որոնք ռումբեր են նետել Հադրութի մերձակայքում:
Երեկ Մարտունի քաղաքում հազվադեպ կարելի էր փողոցներում մարդկանց հանդիպել, բայց Հադրութը բազմամարդ էր: «Ազատությունն» այցելել է տներ, մարդիկ, իհարկե, անհանգստացած են` պատերազմական վիճակ է, բայց միևնույն ժամանակ նշում են, որ մտադիր չեն թողնել Հադրութը: Կան ընտանիքներ, որոնք կանանց և երեխաներին դուրս են հանել քաղաքից ավելի ապահով վայրեր, բայց կային նաև, որոնք դուրս չէին հանել երեխաներին, նրանք ռմբապաստարաններում էին: