Վարդենիսում այրվող քաղաքացիական ավտոբուսում, նախնական տեղեկություններով, մարդիկ չեն եղել

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան, արխիվ

Վարդենիսում հարվածային անօդաչու թռչող սարքի հարվածից այրված քաղաքացիական ավտոբուսում, նախնական տեղեկություններով, մարդիկ չեն եղել և վիրավորներ չկան։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Ավտոբուսում կարծես թե ոչ ոք չի եղել», - ասաց մարզպետը:

Սանոսյանի փոխանցմամբ՝ տեղում աշխատում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության խմբերը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հաստատեցին, որ զոհեր և վիրավորներ չկան:

Մարզպետը հայտնեց, որ վերջին երկու օրերի համեմատ այսօր քաղաքում կրակոցի ձայները ավելի ակտիվ են, բայց վնասված քաղաքացիներ ու էականորեն վնասված շինություններ չկան: Երկնքում, սակայն, շարունակում են երևալ անօդաչու թռչող սարքեր։