Մարտակերտի հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել ԶԼՄ-ների ներկայացուցիչները. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ըստ էության, շարունակվում են մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ, նորից կիզակետում շարունակում են մնալ հարավային ու հյուսիսային ուղղությունները, հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց` դեռ առավոտյան հայտնել էին, որ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ հարձակումներ է սկսել, որոնք «հաջողությամբ հայկական զինված ուժերը հետ են մղում` հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ»: Նրա տեղեկացմամբ` հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հաձակողական գործողությունները հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով, և այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կորցրել են մոտավորապես 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր:

«Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր, օրվա ընթացքում հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, մասնավորապես Մարտակերտը: Մարտակերտի հարակից բնակավայրերում նաև կրակի տակ էին ընկել լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հակառակորդի կորուստները ճշտվում են: Այլ վիրավորներ են տեղափոխվել ՀՀ հիվանդանոցներ ու հոսպիտալներ», - հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը: