Պուտինը «անհրաժեշտության դեպքում» հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի իշխանության հետ. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտության դեպքում հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի իշխանությունների հետ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ըստ անհրաժեշտության դրանք [շփումները Ադրբեջանի ղեկավարության հետ] իհարկե տեղի կունենան», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը Պուտինի և ադրբեջանական կողմի միջև հնարավոր զրույցի մասին լրագրողի հարցին ի պատասխան:

Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ «ռազմական գործողությունների վերսկսման առաջին ժամերից հետ Լավրովը մշտական շփում է հաստատել իր գործընկերների հետ»:

Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերսկսված ռազմական բախումները նախօրեին Կրեմլի ղեկավարը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ Ռուսաստանի նախագահի մամլո ծառայության՝ ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման կապակցությամբ: «Նշվել է, որ կարևոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն առճակատման հետագա սրացումը կանխելու համար: Ամենակարևորն է՝ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասվում է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում: