Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի սրացումն ափսոսանք է հարուցում:
«Դժբախտաբար, կան զոհեր, կողմերը նաև ծանր զինատեսակներ են կիրառում: Մենք տեսնում ենք, որ այդ հարցը կարելի է կարգավորել բացառապես քաղաքական-դիվանագիտական եղանակով, և Ռուսաստանն ամեն կերպ կձգտի խաղաղության հաստատմանը»,- ասել է Նարիշկինը:
Փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հռետորաբանության մեջ անհրաժեշտ է զգույշ լինել:
«Բոլոր դերակատարներին՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին, կոչ ենք անում դրսևորել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Հիմա ծայրաստիճան անհրաժեշտ է լինել առավել զգուշավոր և նրբանկատ և այդպես հասնել կրակի անհապաղ դադարեցմանն ու բանակցությունների վերսկսմանը», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը: