Սա, ըստ էության, Ադրբեջանի փորձն է՝ Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում` հավելելով՝ Հայաստանում նույնպես ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարվում, քանի որ կա անմիջական սպառնալիք նաև Հայաստանի վրա հարձակման. - «Սա, ըստ էության, Ադրբեջանի փորձն է Արցախի` Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով և Լեռնային Ղարաբաղը օկուպացնել, և սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է»:
Մարտերն Արցախի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղությամբ շարունակվում են, հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով՝ ռազմավարական առումով այս հարձակումը նորություն չէ, հայ ժողովրդի առաջ տարիներ շարունակ խնդիր է դրվել կա՛մ հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից, կա՛մ ստանալ պատերազմ. - «Բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել է այս գիծը` կա՛մ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի հայության իրավունքներից` ինքնորոշման իրավունքից, կա՛մ ստանում ենք պատերազմ, և այս կոնտեքստն է, որ այսօր մեզ բերում է այսպիսի կոնֆլիկտի: Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը, կարծում եմ, պետք է ամուր և միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների և ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում»:
Ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ Ազգային ժողովի իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց՝ չափազանցրած չի լինի՝ ասելով, որ դրված է հայ ժողվորդի գոյության հարցը, և համայն հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի՝ Արցախն ու իր գոյության իրավունքը պաշտպանելու համար. - «Սա չափազանցություն չհնչի ասել` մեր հազարմյա գոյամարտի հերթական և գուցե ամենակարևոր հանգրվանն է: Մենք պետք է պատասխան տանք մի պարզ հարցի` մենք ունենք ներուժ մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանելու, թե մենք այդպիսի ներուժ չունենք, մենք ունենք այդպիսի վճառականություն, հաստատակամություն, որ ի հեճուկս բոլոր հաշվարկների, ի հեճուկս ուժերի բոլոր հարաբերակցությունների` պաշտպանենք հայ ժողովրդի գոյության իրավունքը իր պատմական հայրենիքում, և մենք պարտավոր ենք հաղթել, և այսօր չկա զինվոր, չկա գեներալ, չկա պատգամավոր, չկա շարքային, մենք բոլորս մեր ժողովրդի զինվորներն ենք»:
Ինքն անձամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը, այդ նպատակի համար պատրաստ է զոհաբերել իր կյանքը. - «Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես, ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի, հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա, երբ որ ասում ենք` մենք բոլորս զինվորներ ենք, և երբ որ ծափահարում ենք այդ խոսքերի վրա, մենք ասում ենք մի բան` ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, պաշտոնյա, թե գործազուրկ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ և ասենք` մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մենք պիտի հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք»:
Հայ ժողովուրդը պետք է համախմբվի իր հայրենիքը ու իր ապրելու իրավունքը պաշտպանելու համար, դրա համար անհրաժեշտ է կամք և վճռականություն, և անգամ որոշ անհաջողությունները չպետք է ընկճեն. - «Նույնիսկ տեղային կամ ոչ տեղային անհաջողությունները մեզ չպետք է ընկճեն, մենք ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա և պաշտպանենք այս հողի, այս սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը»:
Այսօրվա նիստը միասնության, վճռականության և հաղթանակի մասին է, իր ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ՝ մինչև Ազգային ժողով գնալը, հայ ժողովրդին հղած ուղերձում Նիկոլ Փաշինյանը նաև միջագզային հանրության ուշադրությունն էր հրավիրել իրավիճակի լրջությանը` զգուշացնելով, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմ կարող է սկսվել՝ անկանխատեսելի հետևանքներով: Միջագգային հանրությանը Փաշինյանը նաև հորդորում է հետևել ու թույլ չտալ Թուրքիայի հնարավոր միջամտությունը, որի ագրեսիվ պահվածքը խիստ մտահոգիչ է. - «Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները` զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Միջազգային հանրությունը պետք է միասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը և տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից»: