TACC․ Ադրբեջանի խորհրդարանը երկրի մի շարք շրջաններում ռազմական դրություն է հայտարարել

Ադրբեջանի խորհրդարանը այսօր, օրվա երկրորդ կեսին հրավիրված դռնփակ նիստի ընթացքում որոշել է երկրի մի շարք շրջաններում ռազմական դրություն և պարետային ժամ հայտարարել։ Այս մասին հաղորդում են ռուսական առաջատար լրատվական գործակալությունները՝ TACC-ը և «Ինտերֆաքսը»։

Ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Միլի Մեջլիսի դռնփակ նիստի մասնակիցներից մեկին՝ պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուին, տեղեկացնում է, որ ռազմական դրությունը գործելու է Բաքվում, Գյանջայում, Եվլախում և երկրի մի շարք այլ բնակավայրերում։

«Իլհամ Ալիևը 48 ժամ ունի խորհրդարանի այս որոշումը ստորագրելու համար», - նշել է պատգամավորը։

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: