Գախարիա․ Չնայած վարակակիրների թվի աճին՝ Վրաստանում լայնածավալ լոքդաուն չի լինի

Վրաստան - Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում Բաթումիում, սեպտեմբեր, 2020թ.

Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի 259 նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը` տեղեկացնելով նաև, որ ինչպես և նախորդ օրերին՝ վարակակիրների մեծ մասը հայտնաբերվել է Աջարիայի տարածքում։

Նոր հայտնաբերված վարակիրների թվով երկրորդ տեղում է մայրաքաղաք Թբիլիսին՝ այստեղ վերջին մեկ օրում կորոնավիրուսի 34 նոր դեպք է արձանագրվել։

Վերջին 24 ժամերին Վրաստանում կորոնավիրուսից ևս 2 մարդ է մահացել։ Այսպիսով՝ համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում COVID-19-ից մահվան դեպքերի թիվը հասել է 25-ի։

Չնայած վարակակիրների թվի աճին՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ լայնածավալ սահմանափակումներ չեն կիրառվելու։

«Վիրուսի տարածման դեմ մենք պետք է պայքարենք կարգապահությամբ և խիստ կանոններով, բայց ոչ տնտեսական գործունեության դադարեցմամբ», - ասել է Գախարիան։