Մատչելիության հղումներ

Վրաստանում համաճարակային իրավիճակը ավելի ու ավելի է բարդանում


Վրաստան - Կորոնավիրուսի թեստավորման կետ Քութաիսիում, սեպտեմբեր, 2020թ.
Վրաստան - Կորոնավիրուսի թեստավորման կետ Քութաիսիում, սեպտեմբեր, 2020թ.

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի հերթական ամենաբարձր թիվը՝ 227 վարակակիր մեկ օրվա ընթացքում: Վարակի առաջին դեպքը փետրվարի 26-ին հայտնաբերելուց ի վեր սա ամենաբարձր ցուցանիշն է 24 ժամվա կտրվածքով։

Համաճարակի բռնկման թեժ օջախը շարունակում է մնալ Աջարիան, որին բաժին է ընկնում վարակի հաստատված դեպքերի բացարձակ մեծամասնությունը` 227 դեպքերից 165-ը հենց Աջարիայում են հաստատվել:

Ամիսներ շարունակ համաճարակաբանական բացառիկ բարենպաստ իրավիճակում գտնվող Վրաստանը վերջին շաբաթներին բախվել է կորոնավիրուսի սրընթաց տարածման: Վարակը սկսել է սրընթաց տարածվել ծովամերձ շրջանում լողափերի բացմանը զուգահեռ: Տեղական հիվանդանոցներում վերջին մի քանի շաբաթներին ռեսուրսների սղության պատճառով խնդիրներ են առաջացել:

«Ազատության» վրացական ծառայության թղթակցի փոխանցմամբ՝ Բաթումիի տասնյակ հիվանդանոցներից միայն երկուսը կարող են իրականացնել վարակակիրների համակարգչային տոմոգրաֆիա։ Կառավարության որոշմամբ՝ այսօրվանից Բաթումիում վարակակիրները կբուժվեն տներում, տնային բուժման ընթացակարգը, սակայն, դեռևս հստակ չէ՝ մշակման փուլում է:

«Տնային բուժման գործընթացը մեկնարկել է երկու օր առաջ, հստակ սահմանել ենք՝ ովքեր են տանը բուժվում, միանշանակ՝ խոսքը թեթև դեպքերի և ախտանիշներ չունեցողների մասին է։ Հղիները, քրոնիկ հիվանդություններ ունեցող, տարեց մարդիկ, երեխաները չեն կարող տանը բուժվել», - հայտարարել է Հանրային առողջապահական կենտրոնի տնօրեն Նոնա Էպաձեն:

Մոտ 4 միլիոն բնակչություն ունեցող երկրում վարակակիրների թիվը 4 հազար 140 է, քովիդի զոհերի թիվը հասել է 25-ի։ Միայն վերջին 5 օրվա ընթացքում մահացել է 6 մարդ: Կարանտինային ռեժիմում են գտնվում ավելի քան 5 հազար քաղաքացիներ, բժիշկների վերահսկողության տակ` ավելի քան 800-ը, ևս 640-ը բուժում են ստանում կորոնավիրուսի վարակակիրների համար նախատեսված հատուկ հյուրանոցներում։

«Ազատության» վրացական ծառայության հետ զրույցում գնահատելով համաճարակային իրավիճակը՝ համաճարակաբան Մայա Բուցաշվիլին նշել է, որ երկրում այլևս հնարավոր չէ վերահսկել վարակի տարածումն ու տեղայնացնել այն։ Կորոնավիրուսի փոխանցումն արդեն վերահսկողությունից դուրս է, հավելել է համաճարակաբանը:

Չնայած կորոնավիրուսի դեպքերի շարունակվող աճին՝ Վրաստանի կառավարությունը մտադիր չէ նոր համապետական լոքդաուն հայտարարել։ Վարչապետ Գիորգի Գախարիայի կարծիքով՝ բնակչությունը պետք է սովորի ապրել կորոնավիրուսի հետ։ Այսօր էլ կառավարությունը վերահաստատեց՝ չեն պատրաստվում արտակարգ դրություն սահմանել կամ կոշտ սահմանափակումներ մտցնել երկրով մեկ, ինչի կապակցությամբ մտավախություն ունեն ձեռնարկատերերն ու տնտեսական սուբյեկտները: «Առանձին շրջաններում կարող են լինել թիրախային սահմանափակումներ, սակայն դա կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից», - այսօր հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզրիշվիլին։

Մինչդեռ մարտին երկրում եռամսյա համապետական լոքդաուն էր հայտարարվել, երբ կորոնավիրուսի օրական վիճակագրությունը մոտ երեք տասնյակ էր: Վարակի տարածումը կանխելու համար ամիսներ ի վեր Վրաստանում գործում էին աննախադեպ կոշտ սահմանափակումներ՝ փակ էին ոչ միայն օդային ու ցամաքային սահմանները, սահմանափակված էր նաև քաղաքացիների ներքին տեղաշարժը, արգելված էին զանգվածային միջոցառումները, մեկուսացվում էին առանձին բնակավայրեր, որտեղ վարակի դեպք էր հաստատվում։

XS
SM
MD
LG