«Մեր թիմի ներուժն ու ներդրումը չպետք է անտեսվեր»․ «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի անձնակազմ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկայի բժիշկները հիվանդանոցի բակում, արխիվ

Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին օրերից այդ հիվանդության բուժմամբ զբաղված «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի անձնակազմը բաց նամակ է հրապարակել ուղղված Հայաստանի նախագահին և վարչապետին, որտեղ հայտնում են իրենց վրդովմունքը. ի տարբերություն քովիդի դեմ պայքարող մյուս հիվանդանոցների՝ այս բժշկական կենտրոնից որևէ մեկը սեպտեմբերի 21-ի առթիվ չի պարգևատրվել։

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող մեր գործընկերները պարգևատրվեցին կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքներում ներդրած ավանդի համար: Շնորհավորում ենք մեր գործընկերներին, այդուհանդերձ հարկ է նկատել, որ Նորքի ինֆեկցիոն կենտրոնի ներդրումն ու դերը այդ ամենում ևս պակաս չի եղել: Ողջ անձնակազմը եղել է վիրուսի դեմ պայքարի առաջնագծում և այդպես էլ շարունակելու է։ Կարծում ենք, մեր թիմի ներուժն ու ներդրումը չպետք է անտեսվեր ու պետք է գնահատվեր ինչպես մեր երկրի նախագահի, վարչապետի և կառավարության կողմից, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից։ Գիտակցում ենք, որ չէին կարող պարգևատրվել բոլորը, որ ընտրությունը կատարվել է ներկայացված թեկնածուների միջև, բայց արդարությունը ենթադրում է, որ չի կարող անտեսվել այն հիվանդության դեմ պայքարի առաջամարտիկ մեր անձնակազմը», - գրված է բաց նամակում, որը ստորագրել են բժշկական կենտրոնի 7 տասնյակ բժիշկներ, բուժքույրեր, բաժանմունքի վարիչներ և օրդինատորներ։

Նրանք նամակում նկարագրում են, թե ինչ ծավալի աշխատանք են կատարել վերջին 6-7 ամիսների ընթացքում, իրականացրել են քովիդի մեծածավալ թեստավորումեր, անգամ կատարել գիտական հետազոտություններ։

Հայտարարության հեղինակները հիշատակում են նաև կենտրոնից հեռացած տնօրեն Մհեր Դավիդյանցին՝ գրելով, որ վերջինս ղեկավարել է իրենց ծավալուն աշխատանքը։ Դավիդյանցը, հեղափոխությունից հետո 2 տարի ղեկավարելով կլինիկան, իր հրաժականի մասին հայտարարել էր դեռ օգոստոսին: Պատճառներից մեկն այն էր, որ Նորքի ինֆեկցիոնի և ՁԻԱՀ-ի կենտրոնի միավորումից հետո նրան ղեկավարի պաշտոնը չէր առաջարկվել։

Արդեն նախկին գործընկերների բաց նամակը Դավիդյանցը հրապարակել է իր ֆեսյբուքյան էջում՝ գրելով, որ «գործող անձնակազմից առնվազն մեկը պետք է պարգևատրվեր»։

«Ազատության» հետ զրույցում Դավիդյանցը նշեց, որ իր ֆեյսբուքյան գրառումը չպետք է դիտարկել անձնական տիրույթում։ Այլ մեկնաբանություն չցանկացավ տալ։

Արմեն Սարգսյանի գրասենյակից Հասմիկ Պետրոսյանը հայտնեց, որ թեև բաց նամակը նաև նախագահ Սարգսյանին է ուղղված, բայց վերջինիս գրասենյակը պարգևատրումների հարցում միայն ֆորմալ դերակատարում ունի. – «Պարգևների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, նախագահը պետական պարգևներով պարգևատրում կամ կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդությունների հիման վրա: Նախագահը ինքը չի որոշում: Իսկ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահը»:

Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ին նախագահը տարբեր մեդալներով պարգևատրվել է մոտ 130 անձանց՝ դատավորներից մինչև դերասաններ, զինվորականներ ու բժիշկներ։ Վարչապետի միջնորդությամբ Մխիթար Հերացու մեդալ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցած 11 բուժաշխատողներ, այդ թվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը, նույն հիվանդանոցի ևս 2 աշխատակից, ևս 2 հոգի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, ապա «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Բաբլոյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը և այլոք։

Առողջապահության նախարարության լրատվության բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանի խոսքով, մեդալակիրների թեկնածուներին ներկայացրել են իրենք. – «Առողջապահության նախարարությունն է ներկայացրել ցանկը, բայց ուզում եմ շեշտել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բոլոր աշխատակիցները երկու-երեք ամիս առաջ ստացել են Առողջապահության նախարարության կողմից պատվոգրեր, որոշները նաև նախարարության հուշամեդալներ են ստացել»:

Նախատեսվում են նաև այլ պարգևատրումներ, ավելացնում է նախարարության ներկայացուցիչը։

Իր հերթին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն «Արմենպրեսին» հայտնել է, որ հարյուրից ավելի բուժաշխատողներ մոտ օրերս պարգևատրվելու են վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով, այդ թվում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները: