COVID19-ին առնչվող ծախսերի առումով կառավարությունը պետք է ավելի հաշվետու լինի. Հոկտանյան

Մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է 12 միլիարդ 350 միլիոն դրամ կամ մոտ 25 միլիոն 400 հազար դոլար։

Մարտի 12-ի կառավարության որոշմամբ տարբեր գերատեսչություններ համավարակին առնչվող, հրատապ գնումներ կարող են կատարել առանց մրցութային ընթացակարգերի։

«Թույլատրել է հրատապ գնումներ կատարել, ուզում եմ նշել, որ սկզբից այդ անհրաժեշտությունից ելնելով, հրատապությունից և չկանխատեսվող քանակներից ապրանքների և սարքավորումների, ծառայությունների ձեռքբերման մասով ընթացակարգերը կատարվել են մեկանձյա գնումների միջոցով», - նշեց Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանը:

Առողջապահության նախարարությունից բացի, կորոնավիրուսին առնչվող գնումներ և այլ ծախսեր են կատարել նաև Էմոնոմիկայի նախարարությունը, Արտգործնախարարությունը, կառավարությունը և ոստիկանությունը, սակայն ընդհանուր առմամբ ծախսերի մեծ մասն իրականացրել է Առողջապահության նախարարությունը, որն այժմ իր կայքում հակիրճ հաշվետվություն է ներկայացնում։ 12 միլիարդ դրամից 3,5 միլիարդը տրամադրվել է COVID-ով հիվանդներին սպասարկող բժշկական կենտրոններին։

«Բժշկական կենտրոնները այլ գործունեություն տվյալ ժամանակահատվածում չեն կարող իրականացնել, բնականաբար, գործունեությամբ չզբաղվելով նրանք չեն ունենալու իրենց եկամուտները, և պետությունն ամբողջությամբ վերցրել է իր վրա այդ ծախսերը, այսինքն բոլոր այն անհրաժեշտ ծախսերը, որոնք մինչ այդ կատարում էին սեփական կարողությունների հաշվին՝ իրենց եկամուտների», - ասաց Ասատրյանը:

Եվս մոտ 3 միլիարդ դրամ տրամադրվել է բժշկական սարքավորումների, և մոտ 2 միլիարդ դրամ՝ դեղորայքի ձեռքբերմանը, հայտնում է Առողջապահության նախարարի խորհրդականը. - «Ասեմ, որ սարքավորումների մասով պահանջարկները ձևավորվել են թե՛ բժշկական կենտրոնների կողմից ներկայացված հայտերով, թե՛ ընդհանուր ստեղծված մասնագիտական խմբի կողմից, ովքեր աշխատել են և պլանավորել են անհրաժեշտ քանակները»:

705 միլիոն դրամ հատկացվել է կորոնավիրուսի դեմ պայքարին միացած մասնավոր բժշկական կենտրոններին, 831 միլիոն դրամ էլ կազմել է կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող բուժանձնակազմի՝ մինչև սեպտեմբերի 14-ն իրակացված պարգևատրումների ֆոնդը: Եվս մոտ 900 միլիոն դրամ տրամադրվել է պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելուն, մոտ 800 միլիոն դրամ ծախսվել է հիվանդանոցների վերանորոգման վրա և այլն։

Ասատրյանը մեկնաբանում է՝ կառավարությունը թույլատրել է գնումներ կատարել մեկ անձից, անգամ առանց գրավոր պայմանագրերի կնքման, սակայն նախարարությունը փորձում է բոլոր հնարավոր դեպքերում իրականացնել գնումների մրցույթներ։ «Վերջին ամիսներին՝ հուլիսից սկսած մեր ընթացակարգերը մեծամասամբ իրականացվում են գնուների օրենսդրությանը համապատասխան, իսկ մինչ այդ թեկուզ և ուղիղ գնումները կատարվել են շուկայի հնարավորինս ուսումնասիրությամբ», - ընդգծեց նախարարի խորհրդականը:

Կորոնավիրուսին առնչվող միլիարդավոր դրամների ծախսերի մոնիտորինգը փորձում է իրականացնել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, որի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ այդ գործը բոլորովին դյուրին չէ. կառավարության որոշմամբ գնումների հեշտացված կարգի դեպքում գործարքների մասին տեղեկությունները չեն հայտնվում գնումների վերաբերյալ պետական կայքերում։

«Առողջապահության նախարարությունը հիմնական ծախսողը լինելով առայժմ հրաժարվել է տվյալներ ներկայացնել, օրենքը չի պարտադրում, բայց դա բարի կամքի դրսևորում կլիներ, եթե ներկայացներ, որ իրենք իսկապես թափանցիկ են աշխատում», - ասաց Հոկտանյանը:

Առողջապահության նախարարի խորհրդական Ասատրյանն ասում է՝ առայժմ մանրամասն հաշվետվություն տալիս են իրենց հարցումներ անող լրատվամիջոցներին, անհատներին ու կազմակերպություններին, սակայն ծրագրում են հրապարակել գնումների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, թե երբ, չգիտեն. - «Նախատեսում ենք հնարավորինս մատչելի ու մանրամասն բացվածքով տեղեկատվություն տրամադրել, բայց քանի որ տվյալ ընթացակարգերը գնման դեռ շարունակական բնույթ են կրում, չեմ ասի, որ, օրինակ, տվյալ ամսում դա պատրաստվում ենք ներկայացնել, որովհետև գործառույթը շարունակական է այս պահին»:

Հոկտանյանն ասում է՝ կորոնավիրուսին առնչվող հրատապ ծախսեր ստիպված եղան իրականացնել աշխարհի գրեթե բոլոր երկրները, և շատ երկրներում արդեն կա իրականացվող գնումների հաշվետվության դրական փորձ։

«Մոլդովայում 30 հասարակական կազմակերպություններ միավորվել էին, և նրանք հասան նրան, որ իրենց Առողջապահության նախարարությունը ամենօրյա ռեժիմով ցույց էր տալիս, թե ինչ գնումներ է կատարել», - ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կենտրոնի ղեկավարը:

Միայն 5,5 ամսում արդեն ավելի քան 25 միլիոն դոլարի չնախատեսված ծախսերի պատճառ դարձած կորոնավիրուսը վերջին օրերին սկսել է նորից մեծացնել տարածման տեմպը. երեկ հաստատված դրական դեպքերի թիվը 115 էր, որը կազմում է կատարված 825 թեստերի գրեթե 14 տոկոսը։ Իսկ նախորդող 2 շաբաթների ընթացքում դրական թեստերի տոկոսը չի գերազանցել 7-ը։