Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) քրեաիրավական գնահատական է տալու Հայաստանի պետական համակարգում գործող ռուսական գործակալների մասին «Դոսյե» կենտրոնի՝ նախօրեին հրապարակած հետաքննությանը, այսօր հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։
«Այդ հրապարակումը դիտարկում ենք որպես հանցագործության մասին հաղորդում և համապատասխան իրավական ընթացք ենք տալիս», - ասաց նա։ Քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, ԱԱԾ տնօրենը բացասական պատասխան տվեց. - «Այս պահին ուսումնասիրվում է»։ Քյարամյանն անպատասխան թողեց «Ազատության» հարցը, թե արդյոք Ազգային անվտանգության ծառայությունում մինչ հետաքննությունը որևէ տեղեկություն ունեցել են պետական համակարգում գործող ռուսական գործակալների մասին:
Քյարամյանից լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք ԱԱԾ-ում լյուստրացիա` այսինքն` խորհրդային ԿԳԲ-ի շարքերում աշխատած անձանց անունների բացահայտում լինելու է։ «Ազգային անվտանգության ծառայությունում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, ովքեր իրենց աշխատանքը կատարում են ի բարօրություն Հայաստան աշխարհի, և բնականաբար, ինչպես բոլոր մնացած կառույցներում, այդ թվում նաև Ազգային անվտանգության ծառայությունում կան անձինք, ովքեր բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն Ազգային անվտանգության ծառայության շարքերը։ Այդ պրոցեսն սկսվել է, ես կուզենայի, որ նաև ճիշտ ընկալվի իմ ասածը: Դա բնականոն գործընթաց է, մարդիկ գալիս են, մարդիկ գնում են», - ասաց նա:
«Դոսյե» կենտրոնի հետաքննության համաձայն՝ Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում, ինչպես նաև հասարակական կազմակերպություններում կան ռուսական գործակալներ։ Հետաքննության մեջ հիշատակվում են նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև ԱԱԾ նախկին ղեկավարների անունները։ Հրապարակման մեջ ասվում է, որ Ռուսաստանի բարեկամ-գործակալները քողազրկվելու ու բացահայտվելու վախ չունեն, քանի որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը վաղուց է հայտնի որպես ռուսականի` Լյուբլյանկայի մասնաճյուղ։
Շուրջ 4 ամիս ԱԱԾ-ն ղեկավարող Արգիշտի Քյարամյանն այսօր անդրադարձավ նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե իր նշանակումը Ազգային անվտանգության իրական սպառնալիք Է։ Ի դեպ, «Դոսյե»-ի հետաքննության մեջ Վանեցյանի անունը շոշափվում էր որպես Մոսկվայում ազդեցիկ ռուսաստանցի գործարարների հետ հաճախակի հանդիպող անձ. - «Արթուր Վանեցյանմ առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են»։
Ուշագրավ է, որ Հայաստանում գործող օտարերկրյա գործակալների վերաբերյալ անցած տարի փետրվարին պաշտոնական այցով Իրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ակնարկել իրանահայերի հետ հանդիպման ընթացքում. - «Մենք` որպես ժողովուրդ, այլևս հասունացել ենք` ունենալու հզոր պետություն, ունենալու հզոր ինքնություն, ունենալու անսասան միասնություն և տուրք չտալու օտարամոլությանը, թույլ չտալու, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:
ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն այսօր անդրադարձավ նաև ԲՀԿ-ին առնչվող ընտրակաշառք տալու վերաբերյալ քրգործերին, որով գլխավոր մեղադրյալը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Ըստ Քյարամյանի` ԱԱԾ-ում քննվող գործը շատ մեծ ծավալների է հասնում, կան մի քանի տասնյակ մեղադրյալներ, ասաց, որ առաջիկայում հնարավոր է քրեական գործն ուղարկվի դատարան. – Այդպիսի քրեական գործերի առանձնահատկությունը հետևյալն է` անընդհատ քրեական գործից նոր քրեական գործեր են հարուցվում, նոր դրվագներ, որոնք լրացուցիչ քննության առարկա են դարձվում»:
Ծառուկյանի առնչությամբ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ նոր քրեական գործ էր հարուցվել անցած շաբաթ։ Գլխավոր դատախազությունն այն ուղարկել էր ԱԱԾ` նախորդ քրեական գործին միացնելու համար։