«Ցավով պիտի ասեմ՝ պարոն Փաշինյան, Դուք կտրվում եք իրականությունից». իրավապաշտպան

Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը ավարտվել է, անցած շաբաթ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, թե իդեալական Սահմանադրական դատարան չի ձևավորվել:

Անցած երեքշաբթի օրը խորհրդարանն ընտրեց Սահմանադրական դատարանի երեք նոր դատավորների, որոնց թեկնածությունն առաջադրել էին Կառավարությունը, Հայաստանի նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկում մասնավորապես դատավորներ Երվանդ Խունդկարյանի և Էդգար Շաթիրյանի ընտրությունը՝ պնդելով, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամն այդպես էլ չլուծվեց, իսկ դատարանի հանդեպ հանրության վստահությունը չվերականգնվեց:

Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Նա իշխող ուժին մեղադրում է նախորդ ռեժիմի հետ պայմանավորվածություններ ունենալու մեջ:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Նինա Կարապետյանց. – Այն, որ կային պայմանավորվածություններ, դրա մասին շրջանառվում էր շատ վաղուց, ես հրաժարվում էի հավատալ պայմանավորվածությունների ծավալին, բայց այս ընտրությունը ինձ, ցավոք սրտի, եկավ հիմնավորելու, որ իսկապես, ամենայն հավանականությամբ, կան պայմանավորվածություններ նախորդ հանցավոր ռեժիմի հետ, և այդ պայմանավորվածությունները վերաբերում են հիմնականում հենց արդարադատություն իրականացնող մարմիններին: Որովհետև, եթե ուշադրություն դարձնեք, սա էն ոլորտներն են, որտեղ ըստ էության որևէ լրջագույն փոփոխություն այդպես էլ տեղի չունեցավ, ոչ միայն տեղի չունեցավ, այլ չի էլ ունենալու:

Եվ այս ընտրությունը ես բացատրեմ, թե ինչու եմ ես այդպես խիստ քննադատել, որովհետև եթե, օրինակ, արդեն իսկ գործող, պաշտոնում նշանակված գլխավոր դատախազը, օրինակ, որոշակի տեխնիկական, էսպես ասած, ֆորմալ խնդիրներ ու դժվարություններ կան վերջինիս աշխատանքից հեռացնելու, զբաղեցրած պաշտոնից հեռացնելու, ապա նոր թափուր պաշտոններում նոր, անբասիր անցյալ ունեցող մարդկանց նշանակելը որևէ խնդիր չէր այս պառլամենտի համար:

Ավելին ասեմ՝ ենթադրենք, օրինակ, Խունդկարյանից, այսինքն՝ Դատավորների ընդհանուր ժողովից ես, անկեղծորեն, այլ կերպար չէի էլ սպասում՝ ինձ համար, կլինի Խունդկարյան, թե որևիցե մեկ այլ դատավոր, ըստ էության, էական էլ չի, բայց ես ակնկալում էի, որ կլինի մոտավորապես էդ նույն կերպարի մեջ, բայց այն կադրերը, որոնք առաջարկում էր Կառավարությունը, ինձ համար շոկային էին: Ես չեմ կարողանում հասկանալ, ես չեմ գտնում այլ բացատրություն:

Դուրս եկեք համացանցից, վերադարձեք իրական կյանք՝ ես էս կոչով դիմեմ, հուսամ՝ կնայեն, եթե նայում են առհասարակ, վերադարձեք իրական կյանք, որովհետև տեղի է ունենում, և արդեն բավականին երկար ժամանակ, տեղի է ունենում ամենասարսափելին, ինչ կարող էր տեղի ունենալ: Այն հայտնի ֆրազը, որ Նիկոլ Փաշինյանը ասեց Սերժ Սարգսյանին՝ «պարո՛ն Սարգսյան, Դուք կտրվում եք իրականությունից», ես մեծ ցավով ու մեծ ապրումներով ծանր պիտի ասեմ՝ պարո՛ն Փաշինյան, Դուք կտրվում եք իրականությունից, Դուք համարում եք մինչև հիմա, որ Դուք ունեք ահռելի բանակ համախոհների, բայց Դուք իրականում այլևս չունեք: Դա չի նշանակում, որ հանցավոր ռեժիմը պիտի ոտավորվի, թևավորվի ու որոշի, որ սա իրենց համար քարտ բլանշ է, և իրենք կարողանալու են ոգևորվեն: Սա ուղղակի ուղերձ է նաև էն առողջ, ողջամիտ ուժերին, որպեսզի իրենք կարողանան մի փոքր, այդ թվում՝ հիմնականում, իհարկե, քաղաքական ուժերին և մեր հասարակությանը առհասարակ, պետք է կարողանալ թացը չորից տարբերել:

Այն, որ այս իշխանությունները անում են սխալ, երբեք չի կարող նշանակել, որ հանցավոր ռեժիմը պետք է որևէ շանս ունենա վերադառնալու: Մենք պիտի շատ զգոն լինենք, բոլորս պիտի շատ զգոն լինենք, որպեսզի հնարավորություն չտանք այլ երկրներին, այլ պետություններին, ու կապ չունի, թե որ պետության մասին է խոսքը, ծառայող ուժերին, ստրուկներին, հանցագործներին թույլ չտանք վերադառնալ և դառնալ Հայաստանի նորից իշխանություն: