Հատուկ քննչական ծառայությունը խոշտանգման հոդվածով քրեական գործ է հարուցել ոստիկանների կողմից ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին և մեկ այլ քաղաքացու ծեծի ենթարկելու համար։ Կասկածյալների մասին դեռևս չի հաղորդվում։
Ղազարյանն օրերս «Ազատության» հետ զրույցում պատմել էր եղելությունը։ Ականատես էր եղել, որ սեպտեմբերի 6-ին Նոր Նորքի շենքերից մեկի բակում քաղաքացիական հագուստով, բայց քրեականից ներկայացող ոստիկանները բնակիչներից մեկին բռնությամբ մեքենա են նստեցնում: Երբ փորձել էր միջամտել, իրեն ևս տարել էին ոստիկանություն, ծեծի ենթարկել։
Արմեն Ղազարյանը ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ է, Եվրոպայի պատանիների չեմպիոն, Աթենքի Օլիմպիական խաղերում էլ Հայաստանի հավաքականի կազմում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Ծանրամարտիկն «Ազատությանը» պատմել է, որ ծեծողները փորձառու էին և այնպես էին խոշտանգում, որ չկարողանա տեսնել նրանց դեմքերը։ Ըստ նրա, շենքում են եղել նաև Նոր Նորքի ոստիկանության պետն ու տեղակալը, ովքեր էլ տեղյակ էին այդ ամենից:
«Ամենակարևոր պահը դրա այն ա, որ մարդուն իրանք ոչ միայն ծեծում են, այլ նաև՝ խեղդում՝ հետևից, գլխից, էնքան են կռացնում ներքև՝ կքանստում ես, որ թոքերդ լրիվ փակվում ա, ու չես կարողանում շնչել, շնչահեղձ ես լինում: Ես էդ ժամանակ, ճիշտն ասած, մտածում էի՝ ես կենդանի մնալո՞ւ եմ, թե՞ չէ», - պատմում էր Ղազարյանը:
Ըստ Արմեն Ղազարյանի՝ ծեծը տևել է մոտ 15 րոպե, ինչից հետո իրեն ստիպել են առանց կարդալու ինչ-որ թղթեր ստորագրել։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Թավշյա հեղափոխությունից հետո էլ ուժային կառույցներում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել. - «Ինձ թվում է՝ իմ պատասխանը շատերին դուր չի գա, բայց ես կարծում եմ, որ այսպիսով նոր իշխանությունները երաշխավորում են հին հանցավոր ռեժիմի անվտանգությունը, էսպես ասած: Ամենայն հավանականությամբ՝ կան երաշխիքներ, որոնք տրվել են հին իշխանությանը, որ որևէ մեկը հին իշխանության յուրայիններից պատասխանատվության չի ենթարկվելու: Այլ բացատրություն ես ինքս չունեմ ու չեմ գտնում»:
«Շատ սարսափելի է՝ մարդը՝ պատրաստված, կոփված, ֆիզիկապես և հոգեպես ամուր հասուն տղամարդը հայտնվել է մի իրավիճակում, որտեղ անելանելիությունից ստիպված է եղել ստորագրել ինչ-որ մի բանի տակ, որը որ ինքը երբեք չի արել, համաձայն չի եղել դրա հետ», - նշեց իրավապաշտպանը՝ հավելելով. - «Սա, ցավոք սրտի, մենք դեռ տեսնելու ենք սրա արձագանքները դեռ շատ երկար»:
Ըստ Կարապետյանցի, իշխանության ցանկացած գործողություն՝ օրենքներ փոփոխելու, ռազմավարություններ մշակելու, կմնա թղթի վրա, եթե քաղաքացուն խոշտանգողները չեն պատժվել։ Նա օրինակ է բերում 2017 թվականի հուլիսին դատարանի նկուղում ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր»-ի անդամների ծեծի դեպքը։ Մինչ օրս Հատուկ քննչական ծառայությունը քննում է այս գործը։ Կա մի մեղադրյալ՝ ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանը:
Կոնկրետ պաշտոնյաներ, կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք կեղծել են, կոծկել են, չեն բացահայտել, չեն իրականացրել իրենց գործառույթները, պիտի պատասխանատվության ենթարկվեն: Չկա Հայաստանում էդպիսի մարմին, չկա Հայաստանում էդպիսի կառույց, որին հնարավոր է դիմել, և էդ գործերը կքննարկվեն, կլսվեն, կբացահայտվեն, մեղավորները կպատժվեն», - ընդգծեց Նինա Կարապետյանցը:
Չնայած իրավապաշտպանների քննադատություններին, այդուհանդերձ, հեղափոխությունից հետո քրեական գործ հարուցվեց 12 տարի առաջ ոստիկանությունում տեղի ունեցած դեպքի առնչությամբ։ Ըստ քրեական գործի, մահակով և հակագազով ցուցմունք կորզելու համար մեղադրվում են ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանն ու ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանը։ Սիմոնյանին և Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։ Քրեական գործի հարուցման առիթ դարձավ անցած տարի համացանցում հայտնված «Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերտառությամբ աղմկահարույց տեսանյութը։ Բռնության ենթարկված քաղաքացին ճանաչվել է տուժող։ Գործն արդեն դատարանում է։