«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հինգերորդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը շնորհում է Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին. մայր և դուստր Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը: Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ՝ նրանց շնորհվում է 1 միլիոն դոլար պարգև, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իրենց ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին, ասված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաղորդագրությունում:
Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն ընտրել են երեք կազմակերպություն՝ “Love Does”, «Փանզի» հիմնադրամ և «Փրաջվալա», որոնք պայքարում են ազատության և մարդու իրավունքների համար, առաջնային բուժօգնություն տրամադրում մարգինալ խմբերին և փրկում սեռական թրաֆիքինգի զոհերին։ Հենց այս կազմակերպություններն էլ կդառնան մեկ միլիոն դոլար մրցանակի շահառուները։
Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն ընտրվել են 2020 թվականի «Ավրորայի» հերոսներից, որոնք հայտարարվեցին ապրիլի 24-ին: Բացի սոմալացի իրավապաշտպաններից, բացառիկ հերոսների թվում էին նաև կոնգոյացի ակտիվիստ Անժելիկ Նամայկան, փախստականներին բաց ծովում փրկող Սոֆի Բոն և Կլաուս Ֆոգելը և աֆղանստանցի մանկավարժ Սաքինա Յակուբին:
«Երկար տարիներ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը և իրականացնում մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ: Նրանք համաշխարհային ճանաչման են արժանացել իրենց քաջության, համառության և Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար», - ասված է հաղորդագրությունում:
Անցած տարիներին «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ են եղել բուրունդացի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016թ.), ամերիկացի բժիշկ և միսիոներ Թոմ Քաթինան (2017թ.), ռոհինջա իրավապաշտպան Չո Լա Աունը (2018 թ.) և եզդի ակտիվիստ Միրզա Դինային (2019 թ.):
Այս տարվա հոկտեմբերի 19-ին տեղի կունենա «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» հատուկ առցանց միջոցառում, որը կհեռարձակվի Նյու Յորքի հանրային գրադարանից՝ մեծարելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին և հարգանքի տուրք մատուցելով Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին: 2021-ի մարտին Նյու Յորքում տեղի կունենա նաև ոչ առցանց միջոցառում, որը կուղեկցվի էկումենիկ արարողությամբ՝ նվիրված կորոնավիրուսի զոհերի հիշատակին:
Միջոցառումների ընթացքում հավաքված միջոցները կօգնեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը և «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին՝ շարունակելու իրենց գործը, նշված է հաղորդագրությունում:
Մանրամասները տե՛ս այստեղ