Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Դիրարբեքիրի Սուրբ Կիրակոսը այսօր անճանաչելի տեսք ունի:
Սուր շրջանի պատմական կառույցները, այդ թվում՝ 16-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին, զգալիորեն տուժել էին շուրջ 5 տարի առաջ այստեղ թուրքական բանակի ու քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Հիմա Սուրբ Կիրակոսը շինհրապարակի է վերածվել, անցած տարի սկսվել է եկեղեցու վերակառուցումը, որը մոտ երկու տարի կտևի: Կոտրված պատուհաններ, փշրված ապակիներ, շենքի վրա կրակոցների հետքեր, ամենուր փլված պատերի աղյուսներ: Շինարարական փոշու, թոհուբոհի մեջ նույնիսկ եկեղեցու խորանը չի երևում, կարծես միայն զանգակատունն է անվնաս մնացել:
2008 թվականին եկեղեցու հիմնադրամի, Դիարբեքիրի քաղաքապետարանի և մի շարք բարերարների ջանքերով Սուրբ Կիրակոսը վերանորոգվել և 2011-ի վերջին կրկին բացվել էր հավատացյալների համար:
Եկեղեցու հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ Գաֆուր Թյուրքայի խոսքերով՝ այս անգամ հիմնադրամը նյութական միջոցներ չէր կարող հատկացնել վերակառուցման աշխատանքների համար, և ստիպված էին դիմել պետության օգնությանը:
«Թուրքական օրենքների համաձայն, համայնքային հիմնադրամների ենթակայության տակ գտնվող եկեղեցիների վերականգնմանը պետությունը չի մասնակցում, դրանով զբաղվում են հիմնադրամները: Սակայն սա առանձնահատուկ դեպք էր: 2015 թվականին բախումների ընթացքում եկեղեցին մեծապես վնասվել էր, և այդ մասին պատրիարքարանի միջոցով քանիցս հայտնել էինք ղեկավար մարմիններին, հարցը հասցրել մինչև նախագահական գրասենյակ: Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարի հետ հանդիպման ժամանակ նրան էլ համոզեցինք, և ի վերջո բյուջե հատկացվեց: Այսպես, եկեղեցու վերականգնումը ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ շինարարությունը իրականացնում է հիմնադրամների տարածքային տնօրինությունը: Շնորհակալ ենք պետությանը աջակցության համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թյուրքայը՝ շարունակելով. - «Իսկապես եկեղեցին շատ է վնասվել, և վերանորոգման համար կրկին մեծ ծախս է արվել: Եկեղեցու տանիքից ջուր էր կաթում, և եթե ոչինչ չարվեր, եկեղեցին նորից կվերադառնար 10 տարի առաջվա վիճակին: Շատ ուրախ ենք, որ հիմադրամի ղեկավարությանը հաջողվեց համաձայնության գալ իշխանությունների հետ: Եթե ոչ մի մեծ պատահար չլինի, հուսով ենք՝ մոտ մեկ-երկու տարուց Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, կրկին դռները կբացի համայնքի առաջ»:
Մինչ այդ, Դիարբեքիրի ընդամենը մի քանի տասնյակ անդամ ունեցող հայ քրիստոնյաների համայնքը դժվարին ժամանակներ է ապրում:
Համայնքի ակտիվ անդամներից Դարա Մելիքե Գյունալը պատմում է՝ նույնիսկ հավաքատեղի չունեն, բոլորը ցրված են. - «Շատ բան է փոխվել, 2015-ին Սուրբ Կիրակոսը մեր հանդիպման վայրն էր՝ և՛ քրիստոնյա հայերը, և՛ իսլամացած հայերը այստեղ էին հավաքվում, միասին նախաճաշում էինք, պատարագներ էին լինում, Ամանորը, Զատիկը մեր հանդիպումների համար լավ առիթներ էին: Հիմա չենք կարողանում այստեղ հավաքվել, վերջին 5 տարվա ընթացքում եկեղեցու ներսում ոչ մի աղոթք չի հնչել: Քաղաքի մյուս բնակիչների նման, հայերն էլ իրենց պատյանների մեջ են փակվել, խոր լռություն է տիրում: Այլևս չունենք մեր հավաքատեղին, երբեմն մտերիմներով հանդիպում ենք դրսում այլ վայրերում, բայց ողջ համայնքին միավորելու և նոր անդամներին ողջունելու համար մեր տեղը չունենք: Նույնիսկ տոները, օրինակ՝ Զատիկը, սրճարաններում, ռեստորաններում նշում ենք փոքր կազմով, մի քանի հոգով միայն: Առանց այն էլ բոլորը նռան հատիկների նման տարբեր կողմեր էին ցրվել, հիմա էլ երկրորդ անգամ ցրվեցին Դիարբեքիրի հայերը»։
Շուրջ 5 տարի Դիարբեքիր քաղաքի Սուր վարչական շրջանը փակ է քաղաքացիների համար, թուրք-քրդական բախումների թատերաբեմ դարձած վայրում հարյուրավոր բնակելի տներ ու այլ կառույցներ էին քանդվել: Այժմ պետական միջոցներով շենքերն աստիճանաբար վերականգնվում են, կառուցվում են նորերը: Հայկական Սուրբ Կիրակոսին զուգահեռ վերանորոգվում է նաև հարևանությամբ գտնվող քաղդեական Մառ Պետյուն եկեղեցին: Տեղի հայերը հույս ունեն, որ եկեղեցու վերաբացման հետ մեկտեղ համայնքը կվերգտնի երբեմնի ակտիվությունը: