Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն այցելել է բախումների թատերաբեմ դարձած Դիարբեքիր


Փողոց՝ Դիարբեքիրում, արխիվ
Փողոց՝ Դիարբեքիրում, արխիվ

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը կուսակցության պատվիրակության կազմում օրերս այցելել է ամիսներ շարունակ թուրք-քրդական բախումների թատերաբեմ դարձած Դիարբեքիր:

«Պարբերական մարտերի, պայթյունների հետևանքով ամենից շատ տուժած Սուր վարչական շրջանը ամբողջությամբ ավերված է: Այնտեղ մտնելը դեռևս արգելված է, այդ պատճառով մենք էլ չկարողացանք մտնել: Սուրի բնակչության մեծ մասը մյուս նահանգներ տեղափոխվելու փոխարեն մոտակա շրջաններում է հաստատվել»,- «Ակօս» պարբերականի հետ զրույցում պատմել է Սելինա Դողանը:

Պատգամավորի խոսքով` Դիարբեքիրի համաքաղաքապետերի, թաղապետերի, քուրդ պատգամավորների կալանավորումը քաղաքացիների կողմից դիտվում է որպես իրենց կամքի ոտնահարում: Դողանը փաստում է` ստեղծված անկայուն իրավիճակը մեծապես ազդել է Դիարբեքիրի տնտեսության վրա: Տեղի վաճառականների, արհեստավորների պնդմամբ` ժողովուրդը ծանր կացության մեջ է հայտնվել և մինչև Դիարբեքիրում խաղաղություն չհաստատվի, Թուրքիայում հանգիստ չի լինի:

Հայազգի պատգամավորի համոզմամբ` Դիարբեքիրում առկա խնդիրների հիմնական պատճառը Քրդական հարցի լուծման գործընթացի տապալումն է: Դողանի կարծիքով` գործընթացը հաջողության չհասավ, քանզի այն ընթանում էր ոչ թե խորհրդարանի վերահսկողության ներքո, այլ փակ դռների հետևում: Դիարբեքիրում ևս վստահ են, որ խնդրի լուծումը խորհրդարանից պետք է սպասել և անհրաժեշտ է անհապաղ բանակցություններ սկսել:

«Այնուհանդերձ, Դիարբեքիրի բնակչությունը դեռ լիահույս է, որը հարցը լուծում կստանա, այլապես արդեն լքած կլինեին քաղաքը», - ասել է պատգամավոր Դողանը:

Անդրադառնալով կենտրոնական Սուր վարչական շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վիճակին` Սելինա Դողանը պատմել է, որ չի կարողացել այցելել եկեղեցի, քանի որ Սուրը շարունակում է փակ մնալ:

Դողանը ուսումնասիրել է եկեղեցու վերջին լուսանկարները, տեղեկացել շենքի վիճակի մասին: Նրա խոսքերով` եկեղեցու շրջակայքը գետնին է հավասարվել, վնասվել են եկեղեցու շենքը, տարածքում գտնվող պատմական մյուս կառույցները: Սուր վարչական շրջանի բարդ կացության մասի ԺՀԿ-ի պատվիրակությունը հայտնել է Դիարբեքիրի նահանգապետին, վերջինս էլ նշել է, թե խնդրով զբաղվում են համապատասխան նախարարությունները:

Քրդաբնակ Դիարբեքիրում ավելի քան 1,5 տարի է՝ պարբերաբար բախումներ են տեղի ունենում քուրդ զինյալների և թուրք իրավապահ ուժերի միջև: Հարյուրավոր զոհեր, պայթյուններ, ահաբեկչության վտանգ, փողոց դուրս գալու արգելք, լարված մթնոլորտ․․․ այս ամենը խափանել է տեղի բնակչության առօրյա կյանքը, ոմանք ստիպված են եղել լքել հայրենի բնակավայրերը:

Վերջին ամիսներին Թուրքիայում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները էլ ավելի են խորացրել թուրք-քրդական անջրպետը` ավելի բարդացնելով տասնամյակներ շարունակ Թուրքիայի օրակարգում գտնվող Քրդական հարցի լուծումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG