Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային մեղադրանք է առաջադրվել երկրի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու հոդվածով: Այս մասին երեկ հայտարարել է Բելառուսի քննչական կոմիտեն՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ գործողությունների կոչ է արել Կոլեսնիկովան:
Տվյալ հոդվածով նախատեսված է 2-ից մինչև 5 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ ՝ սեպտեմբերի 9-ին, Կոլեսնիկովայի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին կասկածում են իշխանությունը զավթելու փորձի մեջ:
Մարիա Կոլեսնիկովայի կալանավորման մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 8-ին: Դրանից մեկ օր առաջ նրան առևանգել էին Մինսկի կենտրոնում և ստիպել մեկնել Ուկրաինա, բայց Կոլեսնիկովան սահմանին պատռել էր անձնագիրը և մնացել Բելառուսում: