«Մենք ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ ենք արել, հանձնաժողովին էլ բարի երթ»․ վարչապետ Փաշինյանը բարի երթ է մաղթում Համաճարակի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին։
Կորոնավիրուսի համաճարակի դեմ Կառավարության պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կգործի։ Իշխող մեծամասնությունը կողմ քվեարկեց խորհրդարանական ընդդիմության՝ «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությանը:
Հանձնաժողովը թեև շոշափելի արդյունք չի տա, բայց իշխող խմբակցությունը չի խոչընդոտի քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը. – «Խմբակցությունը կառաջադրի պատգամավորների, ովքեր ներգրավված կլինեն: Միևնույն ժամանակ, նորից նշում եմ, որ մենք չենք գտնում, որ այս փուլում այն լինելու է արդյունավետ»:
Ընդդիմադիրները պնդում են՝ համաճարակի դեմ պայքարը Կառավարությունն ու պարետատունը ձախողել են, և պետք է ուսումնասիրվեն թերացումները։
Փոխադարձ մեղադրանքներն սկսվեցին մինչ հանձնաժողովի աշխատանքը։ Նիկոլ Փաշինյանը ակնարկեց՝ Կառավարության քննադատները ամբիոնի մոտից առանց դիմակի են ելույթ ունենում, հակադիմակային քարոզիչներ են․ - «Մի կողմից Կառավարությանը մեղադրում են կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մեջ, մյուս կողմից ասում են՝ դե մարդիկ թող դիմակ չկրեն, դե էկեք ամեն ինչը բացենք, դե էկեք չտուգանենք, դե էկեք ոչ մի բան չանենք, կորոնավիրուս չկա․․․ Գալիս են ամբիոնից ելույթ են ունենում, դիմակ չեն կրում։ Շատ արտոնյալներ կան, էսօր Ազգային ժողովի նախագահի հետ էդ թեմայով խոսակցություն եմ ունեցել, և Արդարադատության նախարարության հետ։ Օրինակ, պատգամավորներ կան, ամբիոնից առանց դիմակի են խոսում և չեն տուգանվում։ Ճիշտ եք, պետք չի էդ պապիկներին տուգանել, պետք ա էդ պատգամավորներին տուգանել»:
Մեղադրանքի սլաքներն ինչու են ուղղում ընդդիմադիրների ուղղությամբ, երբ որոշումներ կայացնելու մանդատն իշխանության ձեռքին է, տարակուսում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․ - «Երբ որ արդեն առաջին դեպքերը եղան, շարունակվում էր Այո-ի քարոզարշավը։ Երեկ փոխխոսնակը Ազգային ժողովի ամենաաբսուրդ հայտարարություններից մեկն է անում, ասում է՝ քովիդի տարածման գործում ընդդիմությունն է մեղավոր։ Գիտեք, ընդդիմությունը չի կայացրել էդ որոշումները։ Որոշում կայացնելու մանդատ ունեցել է իշխանությունը, որոշում կայացնելու մանդատ ունեցել է պարետատունը»։
Զոհրաբյանի համոզմամբ, հանրությունը պետք է ստանա կարևորագույն հարցերի պատասխանները․ ինչո՞ւ էին կողպել հիվանդանոցների դռները, երբ երկրում մոլեգնում էր համաճարակը, կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների հասցեներով ինչո՞ւ չէր գնում շտապօգնությունը․ - «Ինչի՞ եղան էդ մահերը, կա՞ էստեղ իշխանության սխալ քաղաքականություն, պարետատան սխալ քաղաքականություն, Առողջապահության նախարարության սխալ քաղաքականություն, թե՞ չկա։ Միգուցե պարզվի, որ իրենք արել են ամեն ինչ լավ, և ինչպես ես իմ ելույթում ասեցի, Արսեն Թորոսյանին, որ հիմա էլ Արցախում է մագլցում լեռները, վայելում է իր հանգիստը, մենք պարգևատրենք Արիության մեդալով»։
Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը վեցամսյա ժամկետով է գործելու։ Այն ձևավորման փուլում է։ Խմբակցությունները դեռ չեն հրապարակում կազմը։ Հանձնաժողովը կղեկավարի «Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանը։ Հանձնաժողովը 12 անդամ կունենա․ «Իմ քայլից» 7 պատգամավոր, «Լուսավոր Հայաստանից»՝ 2, «Բարգավաճ Հայաստանից»՝ 3։
Արկադի Խաչատրյան․ - «Մենք առաջնորդվում ենք այն փաստերով, որ հանրությունը մեծապես հետաքրքրված է և հարցեր է բարձրացնում կապված արդյունավետության հետ կապված առհասարակ միջոցառումների։ Վիճակագրության, ինչու մահերի քանակը այդքան շատ եղավ, արդյոք ամեն ինչ արել ենք, արել ենք ճիշտ․․․ Ես կարծում եմ, որ հանձնաժողովի ուսումնասիրության ուղղությունները հետևյալն են լինելու․ առաջինը, ինչ ունեինք, և ինչպիսի կարողություններ են մեզ անհրաժեշտ ինստիտուցիոնալ ապագայում նման համավարակների դեպքում պայքարելու համար»։
Թեև Կառավարության թերացումներն ուսումնասիրող հանձնաժողովում իշխանությունն է մեծամասնույթունը, բայց Խաչատրյանը հույս ունի, որ անկողմնակալ կլինեն և չեն խոչընդոտի արդյունավետ քննությանը. - «Եթե չլինի քաղաքական կամքը արդյունավետորեն աշխատելու, շատ հեշտությամբ կարելի է խոչընդոտել և ըստ էության արգելափակել այս կամ այն որոշումը, կամ աշխատանքների արդյունավետությունը կարող է անկում ապրել դրա արդյունքում»:
«Իմ քայլը» խմբակցությունից հանձնաժողովում կլինի նաև Արուսյակ Ջուլհակյանը: Համաճարակի դեմ պայքարը ձախողելու` ընդդիմադիրների մեղադրանքների հետ, թեև թերացումներ ինքն էլ է նկատել. – «Վերահսկողությունը, օրինակ, տոտալ լոքդաունի ժամանակ չի եղել շատ արդյունավետ: Այսինքն` երբ մենք հայտարարել էին տոտալ լոքդաուն, այդուհանդերձ քաղաքացիները ամբողջությամբ չէին գիտակցում, և գուցե նաև մեր թերացումն է եղել, մենք չենք կարողացել ճիշտ կոմունիկացնել քաղաքացիներին վտանգի լրջությունը»:
ԲՀԿ-ից անուններ դեռ չեն հնչեցնում, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կքննարկում են թեկնածուներին, որոնց թվում ինքը չի լինի. – «Ես միանշանակ վստահ եմ, որ այս իշխանությունը բոլոր պունկտերով տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը»:
Քննիչ հանձնաժողովը գործի կանցնի որոշ տեխնիկական հարցեր հսատակեցնելուց հետո։ Օրերի հարց է, վստահեցնում է հանձնաժողովի ղեկավարը։
Մինչ կպարզվի կպարզի եղելությունը, Փաշինյանը խոստովանում է իշխանության գլխավոր բացթողումը․ - «Հիմա որ քննիչ հանձնաժողովը կստեղծվի, որ կպարզվի, որ կորոնավիրուսի հետ կապված կառավարության սխալը որն ա էղել․․ էղել ա մի շատ կարևոր սխալ, որ կորոնավիրուսի էդ սկզբնական շրջանում ամենակոշտ վարչական և ուժային մեթոդները չեն կիրառվել: