Տիխանովսկայա․ «Իշխանությունից խաղաղ կերպով հեռանալու դեպքում պատրաստ ենք Լուկաշենկոյին անվտանգության երաշխիքներ տրամադրել»

Եվրամիությունը (ԵՄ) Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ չի ճանաչում, երեքշաբթի երեկոյան Բրյուսելում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով` որևէ կասկած չկա, որ օգոստոսի 9-ի ընտրությունները կեղծվել են։

«Մեր կարծիքով` լավագույն լուծումը կլինի ԵԱՀԿ կողմից դիտարկվող վերաքվեարկությունը։ Մինչ այս պահը, սակայն, մեզ չի հաջողվել կապ հաստատել որևէ մակարդակի բելառուս պաշտոնյայի հետ։ Իշխանության լծակները պահպանելու՝ Լուկաշենկոյի համառ վճռականությունը, ինչպես նաև Մոսկվայի աճող աջակցությունը նրան էլ ավելի են դժվարացնում խնդրի լուծումը», - հայտարարում էր Բորելը՝ նշելով, որ այս փուլում ԵՄ գլխավոր նպատակն է լինելու բելառուս ժողովրդին, նախևառաջ քաղաքացիական հասարակությանն ուղղակի օժանդակություն ցուցաբերելը։

«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենը հայտարարել է Բելառուսին 53 միլիոն եվրոյի հատկացման մասին։ Այդ միջոցները անմիջապես հասանելի կլինեն բռնությունների զոհերի համար։ Մենք նաև փորձում ենք աջակցություն ցուցաբերել անկախ մամուլին», - հայտարարում էր Բորելը։

Արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով պատասխանատուն Եվրախորհրդարանում ունեցած ելույթում չշրջանցեց նաև Բելառուսի դեմ կիրառվող պատժամիջոցների թեման՝ նշելով, որ այդ հարցը ընդգրկվելու է սեպտեմբերի 24-ին մեկնարկող ԵՄ գագաթնաժողովի օրակարգում։

Բրյուսելից հնչող քննադատությունն ու պատժամիջոցների սպառնալիքը, սակայն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առանձնապես չեն տպավորում։ Այսօր կեսօրին երկրի քաղաքական ակտիվի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն կրկին պնդեց, որ օգոստոսի 9-ին կայացած ընտրությունները չեն կեղծվել, փողոց դուրս եկող հարյուր հազարավոր բելառուսներն էլ գործում են արտաքին ուժերի թելադրանքով։

«Հասարակության իբր ինքնաբուխ ինքնակազմակերպումը, այսպես կոչված հեղափոխական իրավիճակի հասունացումը և ընտրությունների այսպես կոչված ոչ լեգիտիմությունը, այս ամենը առասպելներ են։ Ընտրություններից շատ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների խորքային վերլուծությունը ամբողջությամբ հերքում է դրանք», - հայտարարում էր Լուկաշենկոն այսօր իր նստավայրում՝ Անկախության պալատում հրավիրված խորհրդակցության ժամանակ։

Ինչ վերաբերում է բելառուսական ընդդիմությանը, ապա երկրի ներսում պահպանվող հարաբերական անդորրի ֆոնին Լուկաշենկոյի ընդդիմախոսները շարունակում են միջազգային հանրային կարծիքի մոբիլիզացիան։ Նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայան, երեկ սյունյակ էր գրել Washington Post թերթում։ Այսօր արդեն նա հարցազրույց է տվել ուկրաինական ամենաազդեցիկ կայքերից մեկին՝ LB.UA-ին, որում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Տիխանովսկայան մասնավորաբար նշել է, որ ընդդիմությունը պատրաստ է Լուկաշենկոյին որոշակի երաշխիքներ տրամադրել, եթե նա դադարեցնի դիմադրությունը։

«Եթե Լուկաշենկոն խաղաղ կերպով, մարդավարի հեռանա, անվտանգության երաշխիքների հավանականություն կա։ Նույնիսկ նման համոզմունք կա։ Դա, իհարկե, քննարկելու խնդիր է, սակայն պատրաստ ենք անգամ ավելին տրամադրել, [քան անվտանգության երաշխիքները]», - հայտարարում էր Տիխանովսկայան։