Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Ինստագրամում թունավորումից ի վեր իր առաջին լուսանկարն է հրապարակել:
Լուսանկարում Նավալնին կնոջ և երեխաների հետ է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում, որտեղ օգոստոսից բուժում է ստանում: Նա գրել է, որ «դեռևս գրեթե ոչինչ չի կարողանում անել, բայց երեկ ամբողջ օրը կարողացել է ինքնուրույն շնչել»:
Նախօրեին «Շարիտե» հիվանդանոցը հայտնել է, որ Նավալնիի առողջական վիճակը շարունակում է բարելավվել, նրան անջատել են արհեստական շնչառության սարքից, և ռուսաստանցի ընդդիմադիրը կարողացել է տեղաշարժվել:
Երկուշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հայտարարել է՝ ևս երկու անկախ լաբորատորիաներ հաստատել են, որ 44-ամյա Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով:
Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում հոսպիտալացրել էին Օմսկում, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, թե անհերքելի ապացույցներ են ձեռք բերել, որոնց համաձայն՝ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով:
Տե՛ս նաև այստեղ