Նավալնին մտադիր է վերադառնալ և աշխատանքը շարունակել Ռուսաստանում. NYT

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ալեքսեյ Նավալնին ասել է, որ չի մնա Գերմանիայում և մտադիր է շարունակել իր աշխատանքը Ռուսաստանում: Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Գերմանիայի անվտանգության ուժերի անանուն ներկայացուցչին:

Հաղորդվում է, որ քաղաքական գործիչը հանդիպել է Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ ու զրույցի ընթացքում հաստատել Ռուսաստան վերադառնալու իր ցանկությունը և մերժել Ռուսաստանի իշխանությունների առաջարկը՝ համատեղ հետաքննել իր հետ կատարվածը:

Ըստ The New York Times-ի՝ Նավալնին լիովին գիտակցության է եկել և պարզ միտք ունի:

Գերմանիան քննարկում է պատժամիջոցների տարբերակներ՝ կապված Նավալնիի թունավորման հետ, այդ թվում ՝ ֆիզիկական անձանց բանկային ակտիվների սառեցում և մուտքի արգելք: Բեռլինը հույս ունի այս հարցում աջակցություն ստանալ Եվրամիության երկրներից:

44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում հոսպիտալացրել էին Օմսկում, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, թե անհերքելի ապացույցներ են ձեռք բերել, որոնց համաձայն՝ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով: