ԵԱՀԿ ՄԽ միջնորդները հանդիպման են հրավիրում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, արխիվ

Համանախագահները նպատակ ունեն վերսկսել «առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը, Իգոր Պոպովը և Ստեֆան Վիսկոնտին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել երեկ Փարիզում:

ԵԱՀԿ հաղորդագրության համաձայն, համանախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես ուշադրության կենտրոնում պահելով նոր զարգացումները հուլիսի կեսերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիայից հետո: Միջնորդները մանրակրկիտ քննարկել և գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային ուղերձները, նշված է հաղորդագրությունում: Կասպշիկը ներկայացրել է անվտանգային իրավիճակը տեղում, համանախագահները ողջունել են նրա կոնկրետ նախապատրաստությունները դիտարկման գործունեությունը վերսկսելու ուղղությամբ:

Միջնորդներն առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ ու հրավիրել առաջիկա շաբաթներին անհատապես հանդիպելու իրենց հետ՝ դիրքորոշումների հետագա հստակեցման համար, «առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները վերսկսելու նպատակով»:

«Համանախագահներն ակտիվորեն ու ամբողջությամբ ներգրավված են մնում խաղաղ և համապարփակ կարգավորման համար բանակցությունները դյուրացնելու գործում՝ ԵԱՀԿ իրենց մանդատին համապատասխան», - նաև նշված է հաղորդագրությունում: