Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածից դուրս է բերել սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis նավը՝ վերադարձնելով այն Անթալիայի շրջանի ափամերձ գոտի, հաղորդում է Reuters գործակալությունը։
Միջերկրականի վիճահարույց գոտում իրականացվող երկրաբանական-հետախուզական աշխատանքների հետևանքով կտրուկ կերպով սրվել էին Թուրքիայի հարաբերությունները Հունաստանի հետ: Պաշտոնական Աթենքը պնդում է, որ թուրքական կողմը մուտք էր գործել իր բացառիկ տնտեսական գոտի։ Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը արդեն իսկ ողջունել է թուրքական նավի դուրսբերումը վիճահարույց գոտուց։
Սալոնիկ կատարած այցի ընթացքում հունական կառավարության ղեկավարը հայտարարել է. - «Oruc Reis նավի դուրսբերումը առաջին դրական քայլն էր։ Հուսով եմ, որ այն շարունակություն կունենա։ Մենք Թուրքիայի հետ ցանկանում ենք բանակցել սադրանքներից զերծ մթնոլորտում», - ասել է Հունաստանի վարչապետը։