Der Spiegel. Ալեքսեյ Նավալնին գիտակցության է եկել

Գերմանիա - Ոստիկանները Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի մուտքի մոտ, որտեղ բուժվում է ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, օգոստոս, 2020թ.

Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում գտնվող ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գիտակցության է եկել և վերհիշել է իր թունավորմանը նախորդած իրադարձությունները՝ մինչև այն պահը, երբ կորցրել է գիտակցությունը Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավի զուգարանում։ Այս մասին հաղորդում են գերմանական Der Spiegel հանդեսը, ինչպես նաև լրագրողական հետաքննություններով զբաղվող Bellingcat կայքն ու ռուսական The Insider էլեկտրոնայի պարբերականը։

Վկայակոչելով գերմանական աղբյուրները՝ լրատվամիջոցները պնդում են, որ Նավալնու գիտակցության գալուց հետո «Շարիտե» հիվանդանոցում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել։ «Հիշողության վերականգնումը ընդդիմադիր գործչի վիճակն ավելի վտանգավոր է դարձնում», - պնդում են աղբյուրները։

Գերմանացի բժիշկների պնդմամբ էլ՝ հոգեբանորեն Նավալնին գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։ «Ֆիզիկապես նրան կհաջողվի վերականգնվել առնվազն 90 տոկոսով», - փոխանցել են բժիշկները:

44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում հոսպիտալացրել էին Օմսկում, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, թե անհերքելի ապացույցներ են ձեռք բերել, որոնց համաձայն՝ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով: