Միացյալ Նահանգներում նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից մոտ ութ շաբաթ առաջ վերընտրության համար պայքարող Դոնալդ Թրամփը կրկին կոշտ քննադատության է ենթարկում իր մրցակցին՝ Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին։ Ամերիկյան մամուլի գնահատմամբ` նախընտրական այս մի փուլում Թրամփը ցանկանում է քարոզարշավի առանցքային թեման դարձնել Չինաստանի հետ հարաբերությունները՝ դեմոկրատներին մեղադրելով Պեկինին սիրաշահելու և չինացիների հետ շփումներում չարդարացված զիջումների գնալու համար։
«Ջո Բայդենի օրակարգն է` արտադրված է Չինաստանում, իմ օրակարգն է` արտադրված է ԱՄՆ-ում», - անցած գիշեր Հյուսիսային Կարոլինայում կազմակերպված նախընտրական հանրահավաքի մասնակիցներին դիմելով` հայտարարում էր Սպիտակ տան ղեկավարը։
Դոնալդ Թրամփը պնդում է, որ իմ մրցակիցը կողմ է եղել միջազգային առևտրային գլոբալ համակարգի հաստատմանը, ինչի հետևանքով արևմտյան ընկերություններից շատերը անցնող 25 տարիների ընթացքում փակել են ԱՄՆ տարածքում գտնվող իրենց գործարանները՝ արտադրությունը տեղափոխելով անհամեմատ ավելի էժան աշխատուժ ունեցող Չինաստան։ Պատահական չէ, ի դեպ, որ այս մասին Թրամփը խոսեց հենց Հյուսիսային Կարոլինայում։
10 միլիոն բնակչություն ունեցող այս նահանգը վերամշակող արտադրության և տեքստիլ ձեռնարկությունների՝ Չինաստան տեղափոխումից ամենաշատը տուժած ամերիկյան տարածաշրջաններից մեկն է։ Բացի այդ, Հյուսիսային Կարոլինան մեկն է այն այսպես կոչված `տատանվող նահանգներից, որտեղ Բայդենի և Թրամփի վարկանիշները գրեթե հավասար են։
Տատանվող նահանգներից ևս մեկը, ոչ պակաս կարևորը Ֆլորիդան է, որտեղ ըստ NBC հեռուստաընկերության պատվերով անցկացված վերջին հարցման` Թրամփի և Բայդենի վարկանիշները հավասար են՝ 48-ական տոկոս։ Ֆլորիդայում էլ ընտրողների իր կողմը գրավելու համար Թրամփը բնապահպանական հռետորաբանություն է կիրառում՝ խոստանալով, որ իր լողափերով հայտնի այս նահանգում տեսանելի ապագայում նավթի արդյունահանում չի իրականացվի։
«Մի քանի րոպեից ես հրամանագիր կստորագրեմ, որով կերկարաձգվի Մեքսիկական ծոցի՝ Ֆլորիդային հարող հատվածում հորատման աշխատանքների վրա սահմանված մորատորիումը։ Այս անգամ, սակայն, այդ մորատորիումը ավելի լայնածավալ բնույթ կկրի՝ տարածվելով նաև Ատլանտյան օվկիանոսի՝ Ֆլորիդային, Ջորջիային և Հարավային Կարոլինային հարող ափամերձ գոտու վրա», - հայտարարում էր Թրամփը նախօրեին Ֆլորիդայում կայացած հանրահավաքի ժամանակ։
Ամերիկացի վերլուծաբանների համոզմամբ` քարոզարշավի ներկա փուլում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կարևորագույն նպատակը գործող նախագահի հիմնական ընտրողների խումբը այսպես կոչված` «միջուկային ընտրազանգվածը» պահպանելն է։ Թրամփի դեպքում դրանք համալսարանական կրթություն չունեցող սպիտակներն են, որոնք կազմում են ընտրության իրավունք ունեցող ամերիկացիների ավելի քան 40 տոկոսը։
Reuters գործակալության և IPSOS սոցիոլոգիական ծառայության անցկացրած համատեղ հետազոտության համաձայն` թեև բնակչության այս խմբում Թրամփը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը, այնուհանդերձ նրա պոտենցիալ ընտրողների թիվը գնալով նվազում է՝ երեք ամսում շուրջ 9 տոկոսով։
Ընդհանրապես վերջին շրջանում անցկացված անխտիր բոլոր հարցումները վկայում են, որ Թրամփի հաղթանակի շանսերը բավական մշուշոտ են։ Այսպես YouGov սոցիոլոգիական ծառայության և CBS հեռուստաընկերության կողմից սեպտեմբերի 2-ից 4-ը անցկացված հարցման արդյունքների համաձայն` Ջոզեֆ Բայդենի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացի ընտրողների 52, իսկ Դոնալդ Թրամփի օգտին՝ 42 տոկոսը։ Հարվարդի համալսարանի Ամերիկյան քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը անցկացված հարցման համաձայն` գործող նախագահի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 47, իսկ Բայդենի օգտին՝ 53 տոկոսը։
Թրամփը, սակայն, ընտրողների հետ հանդիպումների ընթացքում չի թաքցնում իր քամահրական վերաբերմունքը սոցհարցումների հանդեպ՝ պնդելով, թե դրանք առաջիկա ընտրությունների արդյունքները կանխատեսելու լավագույն միջոցը չեն։
«Վերջերս մի հարցում հրապարակվեց, կարծեմ դա Gallup-ի անցկացրած հետազոտությունն էր, որի մասնակիցների 62 տոկոսն ասել էր, թե նման հարցումների ժամանակ իրականությանը չհամապատասխանող պատասխաններ է հնչեցնում», - հայտարարում էր Թրամփը՝ պնդելով, որ ինչպես և 2016 թվականին, այս տարի էլ ինքը համոզիչ հաղթանակ է տոնելու։ Թեժացող քարոզարշավի ֆոնին Ջոզեֆ Բայդենի շտաբը ևս կենտրոնանում է տատանվող նահանգների բնակչության հետ աշխատանքի վրա։
Դրա հետ մեկտեղ, ամերիկյան մամուլի գնահատմամբ, նոյեմբերի 3-ին Բայդենին կհաջողվի հաղթանակ տոնել, եթե նրա շտաբը կարողանա ապահովել Թրամփի նկատմամբ բացասաբար տրամադրված փոքրամասնությունների՝ նախևառաջ աֆրոամերիկացիների ակտիվ մասնակցությունը քվեարկությանը։
Այս գործում ըստ ամենայնի առանցքային դերակատարություն պետք է ստանձնի դեմոկրատների կողմից փոխնախագահի պաշտոնում առաջադրված աֆրոամերիկացի սենատոր Քամալա Հարիսը։ Նրա այս առաքելությունն է թերևս պատճառը, որ Հարիսը վերջին օրերին դարձել է Թրամփի քննադատության և ծաղրի հիմնական թիրախներից մեկը։
«Քամալա Հարիսը, Քամալան։ Հիշո՞ւմ եք, ներկուսակցական ընտրությունների սկզբում նրա վարկանիշը 15 տոկոս էր, հետո իջավ մինչև 4 տոկոս, դա ուղղակի ազատ անկում էր։ Նրան ոչ ոք չի սիրում, և նա երբեք չի դառնա այս երկրի առաջին կին նախագահը։ Դա անարգանք կլինի մեր պետությանը», - հայտարարում էր Թրամփը Հյուսիսային Կարոլինայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Նշենք, սակայն, որ Թրամփի՝ Հարիսին վերաբերող հայտարարությունները, թե նրան որևէ մեկը չի սիրում, փաստական տվյալներով այնքան էլ չեն հաստատվում։
ABC News հեռուստաընկերության և Washington Post թերթի համատեղ հարցման համաձայն` Քամալա Հարիսի առաջադրումը փոխնախագահի պաշտոնում արժանացել է ամերիկացիների 54 տոկոսի հավանությանը։ Ավելին, նրա առաջադրումը դրական է ընկալել Դոնալդ Թրամփի կուսակիցների՝ հանրապետականների 25 տոկոսը։