Վերսկսվել է «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը վերսկսվել է, սեպտեմբեր, 2020թ.

Շուրջ մեկ տարվա դադարից հետո վերսկսվել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքները:

Մոտ 46 կիլոմետր երկարությամբ ճանապարհի շինարարության աշխատանքներն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշըն»-ի աշխատակիցներն ամիսներ շարունակ կորոնավիրուսի պատճառով չէին կարողանում Հայաստան ժամանել: Այժմ, սակայն, նրանց մի խումբն արդեն ժամանել է, ինչից հետո էլ շինարարական աշխատանքները վերսկսվել են:

«Կորոնավիրուսի համավարակը բավականին վնաս հասցրեց ծրագրի իրականացմանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց չինական ընկերության ծրագրի ղեկավար Գաո Գուիխուան:

Աշխատանքների ուշ մեկնարկի պատճառով կառուցման ժամկետների փոփոխություներ կլինեն: Հիմա Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շահագործման նոր ժամկետներ են նշվում:

«Մեր քննարկումներն ավարտվեցին, որոշումը կայացվել է, մնում է Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատի: 2022 թվականի հուլիսին և դեկտեմբերին կավարտենք շինարարական աշխատանքները», - նշեց «Սինոհիդրո Քորփորեյշըն»-ի ծրագրի ղեկավարը:

Այս ընթացքում նաև ծրագրում փոփոխություն եղավ, և արդեն որոշված է, որ Թալին-Գյումրի հատվածը ոչ թե բետոնե ճանապարհ է կառուցվելու, ինչպես նախագծվել էր ի սկզբանե, այլ ասֆալտապատվելու է:

Բետոնն ասֆալտով փոխարինելու համար մի շարք հանգամանքներ են նպաստել, ասաց չինացի ճանապարհաշինարարը: Ըստ Գաո Գուիխուայի՝ բետոնի հետագա սպասարկումն ավելի ծախսատար է, քան ասֆալտինը. - «Բետոնն ինքն իրենով մեծ ու ծախսատար աշխատանք է: Ենթադրենք՝ բետոնե ճանապարհը կառուցվեց, դրանից հետո սպասարկումը շատ թանկ է նստում, այսինքն՝ եթե ճաքեր ու վնասված տեղեր լինեն, մի մեծ հատված է քանդվելու, նորից բետոն է արվելու, ինչը բավականին ծախսերի հետ է կապված: Իսկ ասֆալտը սկզբնական շրջանում է ավելի թանկ անելը, բայց հետագայում սպասարկումն ավելի էժան է»:

Եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա հոկտեմբերին ճանապարհի որոշ հատված կասֆալտապատվի: Չինաստանից ներկրվել ու արդեն տեղում հավաքվել է ասֆալտի գործարանը՝ ժամում 240-320 տոննա արտադրական ծավալով: Եռաշերտ ասֆալտ է արվելու, շերտի հաստությունն էլ 20 սանտիմետր է լինելու:

Մեկ քառակուսի մետր ասֆա՞լտն է էժան, թե՞ բետոնը. Գաո Գուիխուան ընդգծեց, որ մրցույթում շահած գնի մեջ կտեղավորվեն: «2015 թվականին, երբ մենք մրցույթը շահեցինք, այդ մրցույթի գնից չի տարբերվում: Հաշվարկներով այնպես ենք արել, որ տեղավորվենք այդ գնի մեջ», - ասաց չինացի ճանապարհաշինարարը:

Հիշեցնենք՝ Թալին-Գյումրի ճանապարհի կառուցման համար 100 միլիոն դոլար և 72 միլիոն եվրո վարկային միջոցներ են ներդրվելու: